Հովիկ Աբրահամյանը խորհրդականի ձեռքը կրակն է ընկել. Կառավարական սկանդալ

հովիկ-սերգեյ «Ես գտնում եմ, որ հայտարարագրման գործընթացում թերացող պաշտոնյաները պետք է ենթարկվեն պատասխանատվության»:

Politik.am:  ՓԱՍՏ: Հուլիսի 28-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ կառավարությունում  տեղի է ունեցել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի առաջին նիստը, որի ժամանակ անդրադարձ է կատարվել նաև ՀՀ բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովին: Հիշեցնենք, որ այս հանձնաժողովը ստեղծվել է նրա համար, որպեսզի պաշտոնատար անձիք իրենց ունեցվածքը ներկայացնեն և այն դառնա հրապարակային: Այս հանձնաժողովի գործունեության գնահատականին այլ առիթով կանդրադառնանք, սակայն վարչապետը ուշագրավ հայտարարություն է արել հայտարարագիր չներկայացրած պաշտոնյաների վերաբերյալ: «Ես գտնում եմ, որ հայտարարագրման գործընթացում թերացող պաշտոնյաները պետք է ենթարկվեն պատասխանատվության»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:

Այստեղ զավեշտը կամ ցինիզմը կայանում է նրանում, որ հայտարարագրերում ամենից շատ թերացողը հենց իր խորհրդականներն են և նա միայն  Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստում է անդրադառնում այս հարցին, այն էլ՝ ամպագորգոռ ձևակերպումներով:

Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Հովիկ Աբրահամյանին հիշեցնենք, որ 2014 թ. մայիսին իր իսկ  որոշմամբ   վարչապետի խորհրդական է նշանակվել Սերգեյ Լոքյան անուն-ազգանունով իր երբեմնի օգնական ու խորհրդականը:

Լոքյան կրտսերը գյուղատնտեսության նախկին նախարար դաշնակցական Դավիթ Լոքյանի տղան է, ով չի բարեհաճում իր ունեցվածքը հայտարարագրի, քանի որ, հավանաբար, այդպես է ուզում: 2013 թվականի տվյալներով Սերգեյ Լոքյանը  տարեկան 44 միլիոն դրամ  եկամուտ ունեցող պաշտոնյաներից է:

Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի առաջին նիստից միակ զավեշտը սա չի, իհարկե, սակայն այս դեպքը այնքան ցայտուն է, որ հասարակության մոտ տպավորություն է, որ Հովիկ Աբրահամյանը կրակն է ընկել խորհրդականի ձեռքը և չի կարողանում նրան պարտադրել, որ օրենք չխախտի:

Հ.Գ. Այս ամենից կարելի է հետևություն անել, թե այս տղան ինչպիսի խորհուրդներ է տալիս Հովիկ Աբրահամյանի:

Վարագան ԱՎԵՏԻՍՅԱՆ

Դիտվել է 1,344 անգամ
 


Այս թեմայով