Ի՞նչ էր անում Վանեցյանը Մոնակոյում․ առաջարկում ենք մեզ դատի տալ

Օրերս Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արթուր Վանեցյանը տարօրինակ հայտարարություն արեց, որով փորձեց իրեն քննադատող լրատվամիջոցներին ներկայացնել որպես պատվեր կատարողներ․«Անբարեխիղճ լրատվամիջոցներ կան, որ Վանեցյան ազգանունը գրելու համար մեծ գումարներ էին վերցնում, վարկեր են փակել արդեն: Անկեղծ եմ ասում: Իմ մասին մի հոդված գրելու համար 3-4 մլն դրամ գումար են վերցնում: Ես դատի չեմ տալիս, որ չասեն՝ ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումներ կան»,-ասել էր Վանեցյանը։

Չանդրադառնալ ԱԱԾ պետի այս հայտարարությունը չէինք կարող, քանի որ վերջին ամիսներին նրա սխալ քայլերի ամենաակտիվ քննադատներից ենք, բայց որ վարկ ենք վերցրել, ոչ էլ գումար ենք ստացել նրա մասին ճշմարտությունը գրելու համար։ Պարզ է, որ ԱԱԾ պետի նման հայտարարությունը վիրավորական է և արժանի է պատասխանի։

Մեր հրապարակումներից մեկում մենք գրել էինք, որ Արթուր Վանեցյանը թաքցրել է իր Մոնակո գնալու հանգամանքը և լրագրողներին ներկայացրել, որ իրեն գաղտնալսելու օրերին ինքը եղել է Ժնև քաղաքում։ Մեր այս հրապարակումից հետո ԱԱԾ պետը պաշտոնապես չի հերքել մեր տեղեկատվությունը։ Չի հերքել, քանի որ հերքելու առանձնապես բան չկար՝ ինքը գոնե լավ գիտի, որ եղել  է Մոնակոյում։

Հիմա, որպեսզի ԱԱԾ պետը իրեն անհարմար չզգա, մենք առաջարկում ենք, որ նա դատական հայց ներկայացնի մեր դեմ։ Խոստանում ենք այն չդիտարկել և չներկայացնել՝ որպես մամուլի վրա ճնշում, եթե իհարկե Վանեցյանը իր սովորության համաձայն չզանգի ենթադրվող գործը քննող դատավորին և հրահանգի մեր դեմ վճիռ կայացնել։

Կարծում ենք՝ սա շատ լավ շանս է ԱԱԾ պետի և մեզ համար։ Ի վերջո՝ մենք հրապարակային կկարողանանք հարցեր տալ պարոն Վանեցյանին և հասկանալ, թե նա ի՞նչ էր անում Մոնակոյում։

Այս թեմայով