Վանեցյանը կարծում է, որ Հայաստանում համակարգա...

Այսօր ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին մասնակցում էր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ Նա նշեց, որ հայ հասարակությունը որոշակի չափով իրավունք ունի իմանալու Ազգային անվտանգության ծառայության գործունեության մասին։ Նրա խոսքով՝ ԱԱԾ գործունեության 90-95 տոկոսը գաղտնիացված է, բայց անցած տարվա գարնանը երկրում տեղի ունեցան արմատական քաղաքական փոփոխություններ։

«Եվ այդ պատճառով ԱԱԾ ղեկավարությունը անհրաժեշտ համարեց հասարակության համար ավելի բաց եւ թափանցիկ գործունեություն ծավալել, բայց թույլատրելիի սահմաններում»,-նկատեց նա։ Վանեցյանը, մասնավորապես, անդրադարձավ այն հարցերին, որոնք կապված են կոռուպցիայի հետ՝ հավաստիացնելով, որ Հայաստանում համատարած կոռուպցիոն երեւույթներ որպես այդպիսին այլեւս չկան։ «Իհարկե, հարկ է նշել, որ որոշ պաշտոնատար անձինք ներգրավված եղել են նման հանցագործությունների կատարման մեջ»,- շեշտեց ԱԱԾ ղեկավարը։

Նա նաև ընդգծեց, որ իրենք այսուհետ եւս կշարունակեն ակտիվորեն պայքարել նման արատավոր երեւույթների դեմ՝ անկախ այն բանից, թե որ պաշտոնյան է կատարում այս կամ այն հանցավոր գործունեությունը։ «Կոռուպցիան լուրջ սպառնալիք է Հայաստանի ազգային անվտանգությանը, եւ նախկին իշխանությունների օրոք այն կրում էր համատարած բնույթ, տարածված էր հասարակական կյանքի բոլոր շերտերում»,- ասել է Արթուր Վանեցյանը՝ հավելելով, որ վերջին տարում կատարվել են աղմկալի կոռուպցիոն մերկացումներ, որոնք հանրային արձագանք են գտել։