Վանեցյանը ակնարկեց, որ Փաշինյանը կհայտնվի աղբ...

Ազգային Անվտանգության Ծառայության նախկին տնօրեն և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները շարունակում են լարված մնալ։ 

ԱԱԾ տնօրենի հրաժարականից հետո մի քանի օր տևած լռությունը առաջինը խախտեց վարչապետ Փաշինյանը․«Ինքը դե յուրե լինելով ԱԱԾ տնօրեն, ըստ էության հայտարարություն է անում իր գերագույն հրամանատարի դեմ, և լինելով վարչապետին ենթակա մարմին, հայտարարություն է անում իր ղեկավարի դեմ, դրանից ավելի մեծ անարգանք սպայի պատվին չկա: Հետո իմացա, որ ծառայության կայքում է տեղադրվել այդ նյութը: Հանել են, բա ի՞նչ պիտի անեին, բա պիտի շարունակեր մնա՞լ: Սպան այդպիսի բան անի, դա նշանակում է ուսադիրները գցել աղբամանը»,-Լոս Անջելեսում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Փաշինյանը։

Արթուր Վանեցյանի պատասխանը չուշացավ։ Այս անգամ ԱԱԾ նախկին տնօրենը կտրուկ էր և խիստ․«Տրամաբանական է, որ ռազմական գիտելիքներ չունեցող և զինվորականների մտածելակերպի, Հայրենիքի հանդեպ նրանց ունեցած պարտքի մասին մակերսային պատկերացումներ ունեցողները չեն կարող իմանալ սպայի պատվի և ուսադիրների նշանակության մասին: Ի դեպ հիշեցնեմ` համաձայն ՀՀ Սահմանադրության, ՀՀ վարչապետը ոչ պատերազմական դրության ժամանակ Գերագույն հրամատար չէ: Ցավում եմ, որ այդքան հեռուն է գնացել:

Հրաժարականի մասին իմ հայտարարությունն ուշադիր ընթերցողը, համոզված եմ, հասկացել է՝ ինչ նկատի ունեի ես։ Ուստի վստահ պնդում եմ՝ ժամանակը ցույց կտա, թե ով կամ ինչը կհայտնվի աղբանոցում»։

Ըստ էության Արթուր Վանեցյանը հստակ արձանագրեց, որ չի պատրաստվում լռել և չունի պատճառներ վախենալու վարչապետի հայտարարություններից։ Վանեցյանը նաև ակնարկեց, որ հենց Փաշինյանը կհայտնվի աղբանոցում։