Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի վարակակիր աշ...

Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի վարակակիր աշխատակիցների թիվն ավելացել է 22-ով։ Արդեն կորոնավիրուսի հաստատված 61 դեպք կա։ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն «Ազատությանն» ասաց՝ այսօր ևս մեծ թվով աշխատողներ թեստավորվել են: Ենթադրվում է, որ վաղը հաստատված դեպքերի թիվը կավելանա։

Մարզպետը չի բացառում, որ պարետի որոշմամբ ֆաբրիկայի աշխատանքը երեք օրով դադարեցնելու ժամկետները կերկարաձգվեն։ «Դա կախված է վաղվա տվյալներից», - ասաց Լոռու մարզպետը:

«Գլորիա» ֆաբրիկան աշխատողներ ունի թե՛ Վանաձորից և թե՛ հարակից համայնքներից։

Այսօրվա դրությամբ Լոռու մարզում գրանցվել է կորոնավիրուսի 167 հաստատված դեպք։ Վարակվածներից 64-ն արդեն առողջացել են։ Լոռու մարզպետը շեշտում է, որ վարակակիրների թիվը կտրուկ ավելացել է վերջին երեք օրերին։