Վահե Գրիգորյանը հարվածի տակ է դնում Նիկոլ Փաշ...

Նոր իշխանությունները շարունակում են հարվածներ ստանալ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմի ներկայացուցիչների կողմից արված քայլերի հետևանքով։ Իշխանության մեջ իր տեղը զբաղեցրած «լևոնական» Վահե Գրիգորյանի քայլերի արդյունքում իշխանությունները ամենաշատն են հարվածի տակ հայտնվել։

Այսօր հայտնի դարձավ, որ Վենետիկի հանձնաժողովը դրական չի գնահատաել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով դատարանների շրջափակման փաստը և ամբողջ դատական համակարգին վեթինգի ենթարկելու ցանկությունը։ Հիշեցնենք, որ մամուլում հայտնվեցին բազմաթիվ հրապարակումներ այն մասին, որ դատարանների շարջափակման և վեթինգի գաղափարական «կնքահայրը» Վահե Գրիգորյանն է։ Հենց նա է համոզել վարչապետ Փաշինյանին գնալ այդ ճանապարհով և վստահեցրել է, որ այդ քայլերը չեն կարող բերել միջազգային բացասական արձագանքների։

Ընդհնարապես, տարօրինակ է, որ նոր իշխանությունները գերպրոֆեսիոնալ են համարում Վահե Գրիգորյանին։ Չպետք է մոռանալ, որ Վահե Գրիգորյանը բազմաթիվ գործեր է պարտվել իր անգործության կամ անփութության արդյունքում։ Վահե Գրիգորյանը պարտվել էր Վահագն Չախալյանի գործը (Չախալյանը հայտարարում է, որ Վահե Գրիգորյանը միտումնավոր է անգործություն ցուցաբերել), որով հայց էր ներկայացվել Վրաստանի Հանրապետության դեմ, հովիվ Կարեն Պետրոսյանի ընտանիքի հայցը ՄԻԵԴ-ում ընդդեմ Արդբեջանի Հանրապետության։ Այս գործով Պետրոսյանների ընտանիքը լուրջ շանսեր ուներ։ Հետաքրքիր է, որ փաստաբան Վահե Գրիգորյանի անփությության արդյունքում Ադրբեջանը ազատվեց ՄԻԵԴ-ի առաջ կանգնելուց։ Վահե Գրիգորյանը և իր ընկեր փաստաբան Տիգրան Եգորյանը տապալեցին նաև Արթուր Սարգսյանի՝ «Հաց Բերողի» գործը։ Հենց նրանց ոչ պատշաճ աշխատանքի պատճառով էր, որ «Հաց Բերողը» շատ ավելի երկար մնաց կալանքի տակ, և հնարավոր չեղավ փրկել նրա կյանքը։ Վահե Գրիգորյանը, ըստ էության, պարտվեց նաև ՄԻԵԴ-ում՝ Տեր-Պետրոսյանի գործով։ 

Եվ ահա, նման գործերով հայտնի իրավաբանին իշխանությունը անվերապահորեն վստահում է և միջազգային կառույցի կողմից բացասական գնահատականի արժանանում։  Գրիգորյանը իր արկածախնդրությամբ հարվածի տակ էր դրել գործող վարչապետին և պետությունը։ Նույն բանը Գրիգորյանը ցանկանում է անել արդեն ՍԴ դատավորի կարգավիճակում։ Նա ԱԺ-ում հայտարարեց, որ ինքն է ՍԴ նախագահը, ու փորձեց ուզուրպացնել ՍԴ նախագահի պաշտոնը։ Այս քայլը ևս հարվածի տակ է դրել նոր իշխանություններին, ու պատահական չէր, որ կատարվածը Վենետիկի հանձնաժողովի տեքստում բացասական հիշատակման արժանացավ։ 

Հ․Գ․ Կատարվածը պետք է ազդակ լինի գործադիր իշխանության համար։ Վարչապետ Փաշինյանը ինքն  իր համար պետք է փորձի հասկանալ՝ արդյո՞ք Վահե Գրիգորյանը կանխամտածված չէ հարվածի տակ դնում իրեն և ամբողջ իշխանությանը։