USAID-ն ունի գործիքներ, որոնցով հետեւում է ՀՀ կառավարությանը.

USAID-ի հիմնական առաքելությունն է աջակցել Հայաստանի զարգացմանը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ, USAID) երևանյան գրասենյակի ղեկավար Դեբորա Գրիզերն:

«Մենք չէ, որ պետք է ուղղություն ցույց տանք, բայց մենք այստեղ ենք՝ աջակցելու Հայաստանի զարգացմանը: Վերջին երկու տարիների ընթացքում, ԱՄՆ ՄԶԳ-ի գործունեության մեծ մասը՝ ներկայիս ծրագրերի 60 տոկոսը, իրականացնում են տեղական կազմակերպությունները կամ կառավարությունը: Այսպիսով, գաղափարը, ինչպես արդեն ասացի, այն է, որ մենք աջակցում ենք Հայաստանի կառավարությանը՝ նրանք առաջնորդում են, իսկ մենք փորձում ենք նրանց աջակցել»,-ասել է նա:

Հարցին, թե ունե՞ք արդյոք միջոցներ, ռեսուրսներ կամ գործիքներ, որոնցով կարող եք հետեւել ՀՀ կառավարությանը, Հայաստանին հատկացվող գումարների օգտագործմանը, Գրիզերը պատասխանել է.. «Այո՛, ունենք: Իրականում իբրեւ ԱՄՆ կառավարություն մենք ունենք խիստ կանոններ: Եվ ես սերտորեն աշխատել եմ այս ուղությամբ այլ վայրերում, որտեղ պաշտոններ եմ զբաղեցրել: Ուրեմն, կան մի քանի տարբեր մոտեցումներ: Նախ եւ առաջ, ուզում եմ, որ բոլորը իմանան, որ երբ մենք համաձայնագիր ենք ստորագրում, մենք սկզբում պարզապես չենք ասում՝ «Ահա իքս հարյուր հազար դոլար կամ միլիոն դոլար», այն, ինչ մենք առաջին հերթին անում ենք, գնահատումն է: Մենք այցելում ենք կազմակերպություն կամ պետական մարմին եւ անցկացնում ենք գնահատում, ֆինանսական գնահատում, դիտարկում ենք նրանց ընթացակարգերը, գործունեությունը եւ հարցնում. — «Ունե՞ք արդյոք համակարգեր, որ մենք վստահ լինենք, որ կկարողանաք կառավարել տրամադրվող միջոցները»:

Այսպիսով, դա սկիզբն է: Այնուհետեւ ծրագրի իրականացման ընթացքում մենք անընդհատ մշտադիտարկում ենք կատարում, այցելում ենք, որպեսզի համոզվենք, որ աշխատանքը իրականում կատարվում է, բայց մենք նաեւ ֆինանսական մշտադիտարկում ենք իրականացնում: Մեր անձնակազմում կան աշխատողներ, որոնք իրականում գնում են եւ պարբերաբար վերստուգում են հաշվապահությունը: Բացի այդ, մեր բոլոր նախագծերը, առնվազն այն ծրագրերը, որոնք ստանում են որոշակի դոլարային գումար, պարտադիր պետք է անցնեն աուդիտ անկախ կազմակերպության կողմից: Եվ վերջապես մենք իրականացնում ենք ծրագրի գնահատումը: Ավելի շատ ուշադրություն է դարձվում նպատակներին, եւ հիմնականում կրկին վարձում ենք մի արտաքին ընկերություն, որը պարզապես ասում է՝ արդյոք մենք հասե՞լ ենք մեր նպատակին. հնարավոր է, որ ծախսենք ամբողջ գումարը եւ դա անենք բարեխճորեն, բայց արդյոք հասե՞լ ենք մեր նպատակներին»:

 


Այս թեմայով