Ու՞մ սիրուհիներն են կին դատավորները․ Սաֆարյան...

Քաղաքագետ, ամենատարբեր հարցերով փորձագետ Ստեփան Սաֆարյանը, պարզվում է, նաև սիրուհիների փորձագետ է։ Նա հստակ գիտի, թե ով ում սիրուհին  է։ Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգով դատարանների մուտքերը փակելու գործողությանը մասնակցում էր նաև  Ստեփան Սաֆարյանը։ Լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում նա ասել է․«Դատավոր են նշանակվել իրենց ընտանիքի անդամները, իրենց սիրուհիները, իրենց նկատմամբ հավատարմության երդում տվածները, իրենց կաշառք տվածները»։

Սաֆարյանը, փաստորեն, պնդում է, որ Հայաստանում եղած 54 կին դատավորները ինչ-որ մարդկանց սիրուհիներ են։ Նրա խոսքով՝ այս մարդիկ դատավոր են դարձել ոչ թե մասնագիտական ունակություններից ելնելով, այլ ինչ-որ մեկի սեռական կարիքները բավարարելու համար։ Իհարկե չի կարելի բացառել, որ 54 կին դատավորներից մեկը կարող է ինչ-որ մեկի սիրուհին լինել, բայց դա իր խնդիրն է։ Այստեղ հարցն այն է, որ հասարակական կարծիք ստեղծող մարդը իրեն թույլ է տալիս նման ցածր մակարդակի, տղամարդուն ոչ վայել հայտարարություններ անել։

Հիմա Սաֆարյանի աստղային ժամն է, քանի որ նա կարող է սրտի ուզածի չափ անպատասխանատու հայտարարություններ անել, իսկ երբ, ասենք, դատավորներից մեկի որդին կամ ամուսինը հաշիվ պահանջի իրենից, ապա քաղհալածյալի դեմքով կհայտարարի, որ իրեն ճնշում են։

Ու ցավալի է, որ այսօր հասարակության լայն զանգվածների մոտ հենց այսպիսի դիրքավորում ունեցող մարդիկ են կարծիք ստեղծում։ Եվ այս պահվածքը կարող է դառնալ վարքի կանոն հասարակության համար, ու, ասենք, մեկն էլ կարող է հայտարարել, որ ատամնաբույժները վարպետ-շինարարների սիրուհիներն են։  Անթույլատրելի է այս պահվածքը, և հուսանք՝ պարոն Սաֆարյանը ներողություն կխնդրի կին դատավորներից։