Թվային աշխարհի սրընթաց զարգացումն ու փոխակերպ...

Մրցակցության միջազգային օրվան ընդառաջ այսօր Երևանում տեղի ունեցավ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից կազմակերպված «Արդյունավետ մրցակցության ապահովումը թվայնացվող աշխարհում» թեմայով համաժողովը:

Համաժողովին մասնակցում էին և բացման խոսքով հանդես եկան ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը, Մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ (նախարար) Ժումանգարին Սերիկ Մակաշևիչը, ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Գևորգյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը:

Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, տնտեսվարողներ, միջազգային կազմակերպությունների, ՀԿ-ների և այլք:Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնավորապես նշել է, որ Տնտեսական մրցակության պաշտպանության պետական հանձնաժողովը կարևոր առաքելություն ունի՝ խրախուսել ազատ և մրցակցային շուկաները, քանի որ մրցակցությունն է տնտեսության շարժիչ ուժը: Այդ համատեքստում նա շեշտել է անցած 7 ամիսների ընթացքում ՏՄՊՊՀ-ի կատարած մեծածավալ աշխատանքը, մասնավորապես ուսումնասիրությունները, որոնք աննախադեպ էին իրենց ծավալով և ընդգրկման շրջանակով:

«Ազատ մրցակցության ապահովումը կառավարության առաջնահերթություններից է: Բազմիցս հայտարարել ենք և գործով ապացուցել, որ դաշտն ազատականացված է, պետական մակարդակով հովանավորվող մենաշնորհներ չկան և չեն կարող լինել»,- նշել է փոխվարչապետը: Նա հավելել է, որ կան դրական զարգացումներ, դաշտում հայտնվում են նոր խաղացողներ, փոքրացել է գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողների մասնաբաժինը շուկայում:

Իր ելությում ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը անդրադարձել է թվային տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ ազատ մրցակցության ապահովման արդի մարտահրավերներին: Նա մասնավորապես նշել է, որ թվայնացումը մի կողմից հնարավորությունների անծայրածիր դաշտ է բացում բիզնեսի համար՝ զարգանալու, ընդլայնվելու և նոր հորիզոններ գրավելու համար, որոնք ոչ շատ հեռու անցյալում անհասանելի էին թվում:

Միևնույն ժամանակ թվային աշխարհի սրընթաց զարգացումն ու փոխակերպումները ստեղծել են մի նոր իրականություն, փոխելով շուկաների բնույթն ու բիզնես մոդելները և իրենց հետ բերելով նոր մարտահրավերներ մրցակցային մարմինների համար, որոնք կոչված են ապահովելու ազատ, արդար, հավասար հնարավորություններ և առողջ միջավայր տնտեսական մրցակցության համար:Այս համատեքստում Գեղամ Գևորգյանը կարևորել է երկկողմ, տարածաշրջանային և միջազգային մակարդակում մրցակցային մարմինների միջև սերտ գործակցությունը՝ շուկայական մեծ իշխանություն ունեցող խոշոր թվային հարթակների գործունեության ընթացքում ծագող հնարավոր բացասական հետևանքները վերացնելու և կանխարգելելու նպատակով:

Այս առումով ամենակուռ համագործակցությունն ունենք իհարկե ԵԱՏՄ Մրցակցության և հակամենաշնորhային կարգավորման հարցերով զբաղվող մարմնի հետ: Բայց անհրաժեշտ է կառուցել համագործակցության նման հարթակներ նաև գլոբալ մակարդակում»,- հավելել է ՏՄՊՊՀ նախագահը:Մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ (նախարար) Ժումանգարին Սերիկ Մակաշևիչն իր հերթին նշել է, որ աշխարհի խոշոր թվային հարթակների 5-յակի կապիտալիզացիայի մակարդակը էականորեն ավելացել է, նրանց ձեռքին հսկայական միջոցներ են կուտակվել, այդ ընկերությունները գնում են ստարտափերին՝ այդպիսով խոչընդոտներ ստեղծելով նորարարությունների զարգացման ճանապարհին:

Նա հավելել է, որ ավանդական օրենսդրական գործիքներով հնարավոր չէ պայքարել նոր իրողությունների դեմ:Խոշոր թվային հարթակները թեև շուկայում գերիշխող չէր ավանդական պատկերացումներով, սակայն շնորհիվ իրենց ձեռքում կուտակված տվյալների բազայի, կարողանում են որոշիչ ազդեցություն ունենալ շուկայի վրա, և փաստացիորեն դրանք այժմ փակ են, ուստի մեր աշխատանքները ուղղված են նրան, որպեսզի այդ տվյալների բազաներին հասանելիությունն ապահովենք այն ընկերությունների համար, որոնք ցանկանում են մուտք գործել այդ շուկաներ»,- նշել է պարոն Ժումանգարինը:

Նա իր խոսքում անդրադարձ է կատարել նաև ԵԱՏՄ շրջանակում այս պահին քննարկվող այլ խնդիրների, մասնավորապես դեղերի հասանելիության, ԵԱՏՄ պետությունների տարածքում ռոումինգի վերացման հարցերին: Համաժողովի շրջանակում տեղի է ունեցել նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով բլոկի հանրային ընդունարանի արտագնա նիստը, որի ընթացքում ԵԱՏՄ պաշտոնյաները ՀՀ-ում գործունեություն ծավալող տնտեսվարողներին նաև անհատական խորհրդատվություն տրամադրեցին:

Նիստերի նպատակն է «առաջին ձեռքից» տեղեկատվություն ստանալ այն խնդիրների մասին, որոնք կարող են խոչընդոտել բիզնեսի զարգացմանը: Միջոցառման ավարտից հետո ԵԱՏՄ պատվիրակության անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: Մրցակցության միջազգային օրվա մասին:

1980 թվականի դեկտեմբերի 5-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան հաստատեց Սահմանափակող գործարար պրակտիկայի վերահսկման՝ բազմակողմ համաձայ-նությամբ ընդունված սկզբունքներն ու կանոնները, ինչն էլ հիմք հանդիսացավ տարբեր երկրներում մրցակցության պաշտպանության մասին նոր օրենքների մշակման համար:2010 թվականին ՄՍԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի նախաձեռնությամբ առաջարկվեց դեկտեմբերի 5-ը պաշտոնապես նշել որպես Մրցակցության միջազգային օր:Հայաստանը 2017 թվականին միացավ այն երկրների շարքին, որոնք տոնում են մրցակցության օրը:

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով