Թուրքիան վերսկսել է գործողությունը Սիրիայում

Թուրքիայի զինուժն ուրբաթ վերսկսել է Սիրիայի հյուսիս-արևելքում Ռաս էլ Այն քաղաքի վրա հարձակումները՝ չնայած ժամանակավոր հրադադարի մասին պայմանավորվածությանը: Ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին հայտարարել է Al Mayadeen հեռուստաալիքը՝ քրդական աղբյուրներին հղումով:

Սիրիական պետական ՍԱՆԱ գործակալության տվյալների համաձայն՝ թուրքական հրետանին հարվածներ է հասցրել մի քանի գյուղի: Al Arabiya հեռուստաալիքն էլ հայտնում է, որ Անկարայի կողմից կռվող սիրիական զինված խմբավորումների գրոհայինները հարձակվել են Ռաս էլ Այն ուղևորվող մարդասիրական ավտոշարասյան վրա:

Թուրքիայի իշխանությունները դեռ չեն մեկնաբանել այս տեղեկությունը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի, պետքարտուղար Մայք Պոմպեոյի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև հինգշաբթի կայացած բանակցությունների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել Սիրիայում կրակի դադարեցման շուրջ: Ըստ հայտարարության ՝ Թուրքիան 120 ժամով կդադարեցնի Սիրիայում սկսած իր ռազմարշավը, որպեսզի քրդական զորամիավորումները դուրս բերվեն Սիրիայի հետ սահմանին ստեղծվող անվտանգության գոտուց:

Հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել էր Սիրիայի հյուսիսում «Խաղաղության ակունք» գործողության մեկնարկի մասին, որն ուղղված է «Քրդստանի աշխատավորական կուսակցության» և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ: Թուրքական ավիացիան հենց նույն օրը հարվածներ էր հասցրել երկու երկրների սահմանին գտնվող Ռաս էլ Այն և Սիրիայի մի շարք այլ քաղաքների: