Թուրքիան հեռանում է ԱՄՆ-ից․ ռուս-թուրքական սի...

ԱՄՆ Կոնգրեսի Սենատի միջազգային կոմիտեն հավանություն է տվել Թուրքիայի դեմ սանկցիաների մասին օրինագծին։ Իր հերթին, դեռ նախօրեին Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլլյութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ եթե ԱՄՆ-ն Թուրքիայի դեմ սանկցիաներ կիրառի, ապա Անկարայի համար օրակարգային կլինի ՆԱՏՕ-ի «Ինջիրլիքի» ռազմաբազան փակելու հարցը։

Հասկանալի է, որ «Ինջիրլիքի» ռազմաբազան թուրք-ամերիկյան առճակատման գործընթացքում Անկարայի, կարելի է ասել գլխավոր հաղթաթղթերից է, որը վերջինս կարող էր օգտագործել ընդդեմ Միացյալ Նահանգների, եւ այն, որ ԱԳ մախարարի մակարդակով նման սպառնալիք է հնչում կամ նախազգուշացում,վկայում է այն մասին, որ թուրք-ամերիկյան հարաբերությունները ըստ էության հիմնավորապես փչացել են։

Սա իր հերթին նշանակում է ռուս-թուրքական նորագույն սիրավեպի էլ ավելի ջերմացում, որովհետեւ հեռանալով Միացյալ Նահանգներից, Թուրքիան ակամա հայտնվում է ռուսական կամ ավելի ճիշտ՝ հակաամերիկյան ուղեծրում, որտեղ գլխավոր դերակատարներն են Ռուսաստանը, Չինաստանը եւ Իրանը։

Հայաստանի համար այս իրավիճակն այնքան էլ բարենպաստ չէ, քանի որ ռուս-թուրքական մերձեցումները, ինչպես ցույց է տվել պատմությունը, հաճախ իրենց կուլմինացիային հասնում են հայերի շահերի ոտնահարումով։

Ուշագրավ է, որ Անկարան, չնայած Երեւանի բազմաթիվ ազդակներին, Հայաստանի հետ հարաբերություններ բարելավելու հարցում որեւէ քայլ չի արել, հստակ մնալով այն դիրքորոշման վրա, որ այդ հարաբերությունների բարելավման մեջ իրենք կարեւոր են դիտարկում նաեւ ադրբեջանական կողմի կարծիքը։

Ամերիկայից հեռացած Թուրքիան բնականաբար փորձելու է իր դիրքերն ամրացնել արեւելքում, իսկ այստեղ արդեն նրա առաջ Շանհայի պայմանագրի կազմակերպությունն է, ԵԱՏՄ-ն եւ այլն։

Ռազմաքաղաքական մասով, դեռեւս չենք կանխատեսի Թուրքիայի հեռացում ՆԱՏՕ-ից եւ անդամակցում ՀԱՊԿ-ին, սակայն տնտեսաքաղաքական բլոկի հետ կապված եթե Անկարան փորձի հետաքրքրություններ ներկայացնել, ապա Երեւանի համար բավական ինտրիգային կլինի իրավիճակը, քանի որ ԵԱՏՄ բոլոր անդամ ու դիտորդ երկրների հետ Անկարայի հարաբերությունները առավել քան ջերմ են, իսկ Երեւանի՝ ենթադրենք արգելանքների հարուցումը կարող է դիտարկվել որպես ԵԱՏՄ զարգացմանը խոչընդոտող քայլ։

Երեւանի համար առնվազն անպատվաբեր կլինի, եթե իր կողմից Անկարային պարզած ձեռքը մերժած Անկարային «բարի գալուստ» ասի ԵԱՏՄ-ում օրինակ։ Ու սա դիվանագիտական մի թնջուկ կլինի, որի մասին Փաշինյանի թիմը պետք է այսօրվանից մտածի, եթե չի ուզում չոր փաստի առաջ կանգնել։