Թուրք-ադրբեջանական նոր հակահայկական պրոյեկտ է...

Թուրքիան եւ Ադրբեջանը գործարկում են նոր հակահայկական պրոյեկտ, այն է՝ ստեղծել են այսպես կոչված Արեւմտյան Ադրբեջանի կամ Իրեւանի վտարանդի Հանրապետությունը։ Պրոյեկտի նախաձեռնող խմբի նախագահ է դարձել Թուրքիայի Կայսերիի համալսարանի պրոֆեսոր, հայագետ Գաֆար Չախմախլին։

Ընտրությունը կայացել է Համա-Ասիական կենտրոնների կողմից կազմակերպված տեսակոնֆերանսային քննարկումների արդյունքում։ Այս մասին հայտնում է «Turan» գործակալությունը։

Լրատվամիջոցի հետ զրույցի ընթացքում Չախմախլին հայտարարել է, որ «Արեւմտյան Ադրբեջանի Հանրապետության» հռչակումը կամ ստեղծումը կարեւոր քայլ է ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի համար, եւ երկու պետությունների քաղաքական օրակարգի առաջնահերթ հարցերից է եղել։

Հետաքրքիր է այն, որ Չախմախլին շեշտել է, որ նախաձեռնությունը կյանքի է կոչվել «արեւմտա-ադրբեջանցիների» կողմից, ովքեր ապրում են աշխարհի տարբեր ծայրերում։ Հետաքրքրական է, որ կառույցը նախատեսում է ստեղծել նախ «Ազգային խորհուրդ», ապա նաեւ «անցկացնել պառլամենտական ընտրություններ», որից հետո էլ կձեւավորի «Արեւմտյան Ադրբեջանի Հանրապետության վտարանդի կառավարություն»։

Չափազանց հետաքրքիր է, որ իրեն հայագետ համարող Չախմախլին հայտարարում է, որ այսօրվա Հայաստանի Հանրապետության տարածքը մշտապես պատկանել է ադրբեջանցիներին։ Ավելին նա պարսկական Երեւանի խանությունը ներկայացրել է որպես ադրբեջանական պետականության ժառանգության մի մաս, եւ «միայն 1918 թվականին է Երեւանը /կամ ինչպես իրենք են ասում՝ Իրեւանը/ տրվել Հայաստանին»։

Պատմական փաստերի եւ առհասարակ պատմության խեղաթյուրումն ու աղավաղումը, կամ կեղծումը հասնում է այնտեղ, որ թուրք պրոֆեսորն ով իրեն «հայագետ» է համարում, հայտարարում է, որ «Հայաստանի տարածքը ժամանակի ընթացքում, նաեւ ԽՍՀՄ հոգածության շնորհիվ է աճել 9000 քառ կիլոմետրից դառնալով մոտ 30 հազար քառ կիլոմետր»։ Ի դեպ, «Արեւմտյան Ադրբեջանի կամ Իրեւանի վտարանդի Հանրապետության» ստեղծման նպատակը հռչակվել է «ադրբեջանական բոլոր հողերի վերադարձն ու վերամիավորումը մայր Ադրբեջանի հետ»։

Ինքնին հասկանալի է, որ սա հերթական հակահայկական պրոյեկտն է, որն առաջիկայում ամենայն հավանականությամբ ֆինանսական լայն աջակցություն կստանա եւ Բաքվի կողմից եւ Անկարայի, քանի որ մեծ հաշվով տեղավորվում է պանթուրքիզմի գաղափարախոսության մեջ։ Սա Բաքվի եւ Անկարայի կողմից անուղղակի տարածքային պահանջ է ՀՀ-ին եւ գուցե նաեւ փորձ հակակշռելու հայկական Արեւմտյան Հայաստանի վտարանդի կառավարություն կոչված կազմակերպությանը։