Թուրք-ադրբեջանական գազային խաղերն ու Մոսկվան

Մինչ Ռուսաստանը փորձում է ելքեր գտնել, իր գազային մատակարարումները Եվրոպային այնպես իրականացնելու համար, որպեսզի հնարավորինս կախվածությունը նվազագույնի հասցվի ուկրաինական տարանցումից, պարզվել է, որ Թուրքիան սկսել է Ռուսաստանից ավելի քիչ գազ գնել, քան սովորաբար գնում էր։

Մասնագետները սա փորձում են կապել Արեւմուտքի իրականացրած հակառուսական սանկցիոն քաղաքականության հետ, սակայն իրականում կա մի նրբություն, որն արդեն սկսել է նկատվել ռուսական շրջանակների կողմից։ Բանն այն է, որ սկսել է գործել հայտնի TAP — TANAP գազամուղը, որով Թուրքիան սկսել է գազ ստանալ Ադրբեջանից, Շահ Դենիզ հանքավայրից։ Ու ըստ էության, ադրբեջանական գազը սկսել է մրցակցել ռուսական գազի հետ, եւ կարծես թե Էրդողանի երազանքը՝ ստեղծել ամուր էներգետիկ դաշինք Անկարայի եւ Բաքվի միջեւ սկսել է կյանքի կոչվել։

Առայժմ կարծես թե այս հարցը ռուսական վերնախավում դեռ չեն փորձում չափազանց սեւեռուն կերպով ընդունել եւ սկսել զբաղվել դրանով, սակայն պարզ է, որ նման գործելաոճը ապագայի համար կարող է ռուսական կողմի համար անցանկալի հետեւանքների բերել, հատկապես, որ Կրեմլում էներգետիկ ֆակտորը կիրառում են եւ քաղաքականության մեջ, եւ գեոպոլիտիկ եւ ռեգիոնալ մակարդակներում։ Ինչ կարող է սա նշանակել Հայաստանի համար։ Իհարկե, այս պահին Մոսկվան չի գնա հարաբերությունների սրման Անկարայի հետ, հատկապես Լիբիան, Սիրիան հաշվի առնելիս եւ նկատի ունենալով, որ Թուրքիայի միջոցով նա քաոս ստեղծեց ՆԱՏՕ-ում։ Բաքվի հետ էլ դեռ կփորձի լեզու գտնել եւ իր կողմը գրավել տեղի իշխող ընտանիքին։

Հարավային Կովկասում այս պահին պետք է մոնոտոն վիճակ, հատկապես, որ Հայաստանի գործող իշխանությունների հանդեպ վստահությունը մեծ չէ եւ առանձին ռուս փորձագետներ Հայաստանի վարչապետին բարձրաձայն կերպով են համեմատում Սահակաշվիլու հետ։ Սակայն ավելի հեռագնա պլաններում, Ռուսաստանը չի հանդուրժի թուրք-ադրբեջանական գազային խաղերը եւ հնարավոր է սկսի հակաքայլեր ձեռնարկել, որոնց շրջանակներում հնարավոր է, որ սկսի օգտագործել նաեւ հայկական գործոնը, որպես խաղաքարտերից մեկը։

Այստեղ հարցը թերեւս այն է, թե երբ այդ ժամանակները գան, ինչպիսի իշխանություն կլինի Հայաստանում, եւ սկզբում արդյոք Մոսկվան չի ապահովագրի իր թիկունքը՝ Հայաստանում իր համար ավելի ընդունելի իշխանություն ձեւավորելով։