Թումանյանի համայնքապետը խախտել է օրենքը. Լոռո...

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Լոռու մարզի Թումանյան համայնքի ղեկավար Լ. Զավարյանը չի կատարել ՀՀ օրենսդրության, մասնավորապես՝ «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» ենթակետի և 9-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները, ինչի արդյունքում նրա կինը` Հայկանուշ Աղամյանը, ում 65 տարին լրացել է դեռևս 2016թ.-ին, մինչ օրս շարունակում է պաշտոնավարել որպես համայնքային ենթակայության տակ գործող մանկապարտեզի (ՀՈԱԿ) տնօրեն։

Համայնքի ղեկավարին բազմիցս գրավոր և բանավոր առաջարկվել է կատարել օրենքի պահանջն ու լուծել ՀՈԱԿ-ի տնօրենի հետ կնքված պայմանագիրը, սակայն նա չարամտորեն խուսափում է կատարել ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունները։ 
Վերն ասվածը հաշվի առնելով ես՝ որպես մարզի ղեկավար, գրությամբ դիմել եմ Լոռու մարզի դատախազ Ա. Մարտիրոսյանին՝ արձանագրված փաստերին իրավական գնահատական և համապատասխան ընթացք տալու համար:
Այս հարցում իմ մոտեցումը հստակ է.Լոռու մարզում արտոնյալներ չեն լինելու անկախ նախկին ու ներկա պաշտոնյաների հետ ունեցած հարազատական կապերից, անկախ ամեն ինչից: 
Ի դեպ, այս խնդիրն առկա է մարզի ևս մի քանի համայնքներում, որտեղ կարճ ժամկետներում խնդիրը չկարգավորվելու և համայնքների ղեկավարների կողմից կոնկրետ քայլեր չձեռնարկվելու դեպքում գնալու ենք նույն ճանապարհով: Օրենքը գերակա է և օրենքի պահանջը պետք է կատարվի անկախ համայնքապետերի անձնական մոտեցումներից, շահերից ու ցանկություներից»: