Ծնողները հրաժարվել են երեխաներից և երեխաները...

Երեւանի ընդհանուր իրավասության այսօր շարունակվում է «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» կենտրոնի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի և առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի գործով դատական նիստը։

Լրագրողները միջնորդեցին դատարանին տեսանկարահանել վկայի հարցաքննությունը, սակայն պաշտպանական կողմը դեմ էր տեսանկարահանմանը։ Դատարանը բավարարեց պաշտպանական կողմի առարկությանը. սույն դատական գործը չի տեսանկարահանվելու, սակայն ԶԼՄ ներկայացուցիչներին դատարանը ձայնագրման հնարավորություն տվեց։ Նիստում շարունակվեց գործով առկա ապացույցների հետազոտումը, որից հետո սկսվեց վկաների հարցաքննությունը։ Որպես իրեղեն ապացույց դատարանը ներկայացրեց թվով 7 փաստաթուղթ։

Նիստին ներկա էին նաեւ ապօրինի որդեգրման գործով տուժող կանայք, որոնք պնդում են, թե իրենց ապօրինաբար զրկել են իրենց երեխաներից։ Ռազմիկ Աբրահամյանի փաստաբան Սամվել Դիլբանդյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Աբրահամյանի մեղադրանքի խստացմանն, ասաց, որ դրանք ինչպես և նախկինները՝ հորինված են։

«Ծնողները հրաժարվել են երեխաներից և երեխաները տարվել են մանկատուն»,-ասաց փաստաբանը։ Պատասխանելով հարցին թե ինչու Աբրահամյանը չի հանդիպում տուժող մայրերի հետ՝ փաստաբանն ասաց, որ այդ մայրերը չկան։ «Մեզ համար էլ է անհասկանալի, թե ինչպես եղավ, որ մայրերը, որ 10 և ավելի տարիներ իրենց երեխաներից հրաժարվել են ու ոչ մի հետաքրքրություն չեն ցուցաբերել, հիմա ասում են, ուր են մեր երեխաները»,-ասաց նա։