Ծիրանի մթերումը վտանգված է․ կառավարության հար...

«Սպայկա» ընկերության շուրջ ստեղծված իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից և կարող է լուրջ հարված հասցնել Հայաստանի տնտեսությանը։  Ընկերությունը Հայաստանում արտադրված գյուղմթերքի ամենամեծ արտահանողն է։ Հենց «Սպայկա» ընկերության շնորհիվ է հայկական ծիրանի մեծ մասը արտահանվում Ռուսաստան և ԱՊՀ այլ երկրներ։

Ծիրանի մթերման սեզոնին երեք ամսից էլ քիչ ժամանակ է մնացել,  և  ընկերության համար ստեղծված խնդիրները արդեն իսկ բացասական կանխատեսումների տեղիք են տալիս։

Ընկերությունը արդեն իսկ հայտարարել է, որ չի կարողանա կազմակերպել ծիրանի նախապես պլանավորած մթերում 81 համայնքներում։ Իշխանության տարբեր ներկայացուցիչներ փորձում են գովազդել գյուղմթերքի արտահանմամբ զբաղվող այլ ընկերություններ՝ ստեղծելով տպավորություն, թե «Սպայկա» ընկերության չաշխատելու դեպքում անգամ գյուղատնտեսությունը չի կանգնի փաստի առաջ։

Իրականությունը սակայն այլ է։ «Սպայկա»-ն դարձել էր Հայաստանում արտադրվող գյուղմթերքի հիմնական մթերողը։  Ընկերությունը իր լայն կապերի շնորհիվ մրցունակ էր ռուսական շուկայում և մրգերի ու բանջարեղենի որոշ տեսականու դեպքում կարողանում էր անգամ անցնել թուրքական և իսրայելական ընկերություններին։ Ընկերության մեկ տասնամյակից ավել աշխատանքը վստահաբար նրան ապահովել է կապերով, որոնք չեն կարող ունենալ նորաստեղծ կամ մի քանի տարի գործող փոքր ընկերությունները։

«Սպայկան» նաև Հայաստանում ամենամեծ սառնարանային տնտեսությունն ունի, իսկ ինչպես գիտենք ծիրանի մթերում կազմակերպելու համար շատ կարևոր նախապայման է սառնարանային տնտեսությունը։

Այս ամենը հաշվի առնելով` միանշանակ կարելի է ասել, որ «Սպայկա» ընկերության գործունեության դադարեցման դեպքում կվտանգվի գյուղմթերքի, իսկ որ ամենակարևորն է ծիրանի արտահանումը։

Կառավարությունում իհարկե կարող են ասել, որ ընկերությունը օրենք է խախտել և պետք է պատասխան տա։ Որևէ մեկը չի համոզում կառավարությանը իրավական դաշտ չբերել «Սպայկա» ընկերությանը, որևէ մեկը չի հորդորում կառավարությանը հարկեր չհավաքել, բայց այդ ամենը չպետք է լինի հապշտապ և հետևանքները հաշվի չառնելով։ 

Կառավարությունը կարող էր օրենքի շրջանակում առաջարկել մեխանիզմներ, որով կվերականգնվեր պետությանը հասված վնասը, բայց միևնույն ժամանակ ընկերությունը կշարունակեր գործել։