Դարանակալել եւ ծեծել են «Նոր Հայաստան» ճակատի աջակից Սյուզի Գեւորգյանին. Հայտարարություն

PHOTO_LandscapeBELԱյսօր՝ հունվարի 5-ին, դարանակալել եւ ծեծել են «Նոր Հայաստան» ճակատի աջակից Սյուզի Գեւորգյանին։ Այս մասին հայտարարություն է տարածել Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբը»։

Հայտարարությունում, մասնավորապես, ասվթւմ է.

«Այսօր՝ հունվարի 5-ին, ժամը 19-ի սահմաններում միջին տարիքի երկու ամրակազմ տղամարդիկ դարանակալել են «Նոր Հայաստան» ճակատի աջակից, ռուսաստանաբնակ Սյուզի Գեւորգյանին, հետապնդել են նրան, այնուհետեւ՝ վրա հասնելով գետին են տապալել եւ  ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել նրա գլխին, դեմքին եւ մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Երիտասարդ աղջնակի վրա հարձակվողները հեռացել են միայն այն ժամանակ, երբ նրա օգնության կանչերի վրա մարդիկ սկսել են մոտենալ:

Հարվածներ հասցնելու ժամանակ հարձակվողներն ասել են, թե քեզ ասացինք, որ հեռու մնաս, ինչու չլսեցիր:

Սյուզի Գեւորգյանն այն արտերկրաբնակ երիտասարդներից մեկն է, որ Հայաստան է ժամանել հանրաքվեի ընթացքում «Ոչ»-ին աջակցելու համար եւ շարունակում է պայքարը հանրաքվեի արդյունքների կեղծման դեմ:

Հիշեցնում ենք, որ Սյուզի Գեւորգյանի վրա 2015 թ. օգոստոսի 14-ին նույն սցենարով հարձակվել էին եւ ծեծել ու ահաբեկել՝ պահանջելով հեռու մնալ պայքարից: Այդ ժամանակ նրան փորձում էին հետ պահել Հիմնադիր խորհրդարանին աջակցելուց:

Վերջին շրջանում նա մի քանի անգամ սպառնալիքներ է ստացել: Սպառնացողներն ասել են, որ այս անգամ նախորդ անգամվա համեմատությամբ շատ ավելի խիստ են պատժելու նրան: Ըստ Սյուզի Գեւորգյանի՝ այսօր իր վրա հարձակվողներին նա հունվարի 1-ի եւ հունվարի 4-ի երեկոյան ժամերին նկատել է իր շենքի բակում:

Սյուզի Գեւորգյանի վրա այս հարձակումը եւ Գեւորգ Սաֆարյանի ապօրինի կալանավորումը կեղծ հանրաքվեն վիճարկող ուժերի եւ քաղաքացիների նկատմամբ բռնությունների նույն շղթայի օղակներն են:

Ինչպես Գեւորգ Սաֆարյանի պարագայում, Սյուզի Գեւորգյանին թիրախավորելը եւս պատահական չէ: Սյուզի Գեւորգյանը հատուկ պայքարի նպատակով Հայրենիք եկած արտերկրաբնակ երիտասարդի այն տեսակն է, որ նաեւ Հայաստանից դուրս բնակվող հայ երիտասարդությանն անընդհատ կոչ է անում վերադառնալ իրենց երկիր եւ պայքարել նրա ապագայի համար:

Այս բռնությունները վկայում են այն մասին, որ վարչախումբն արբեցել է հանրաքվեի կեղծված արդյունքներով եւ համարում է, որ արդեն կարող է բացահայտ ու ցինիկ կերպով անցնել օրենքի եւ բարոյականության բոլոր սահմանները՝ նպատակ ունենալով հնարավորինս շուտ ձերբազատվել հանրաքվեի արդյունքները վիճարկող եւ միակուսակցական համակարգի կայացմանը խանգարող բոլոր ուժերից եւ անհատներից:

Դիտվել է 161 անգամ
 


Այս թեմայով