Ծառուկյանի մասին ԱԱԾ տեսանյութը մոնտաժել են ս...

Ամիսներ առաջ Analitik.am-ը գրել էր, որ սույն թվականի հունվարի 5-ին ՀՀ ԱԱԾ-ն տարածեց մի տեսանյութ, որտեղ հայտնվում էր Դիանա Հարությունյան անվամբ ՖԲ կեղծ էջի իրական տիրոջը հայտնաբերելու և բերման ենթարկելու մասին։ Ուշագրավն այն է, որ այդ տեսանյութի մեջ ԱԱԾ հաղորդագրությունը կարդում է մի տղամարդ, ով կարդում է նաև Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամներ»-ի կողմից ֆինանսավորվող «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կողմից պատրաստված տեսանյութերի տեքստերը։

Նշենք, որ, ըստ Analitik.am-ի ունեցած տեղեկությունների, Սորոսի հիմնադրամի Հայաստանյան գրասենյակի ղեկավար Լարիսա Մինասյանն ակտիվ աշխատանքներ է տանում ուժային կառույցներում՝ մասնավորապես ԱԱԾ-ում, սորոսական կադրերի ներդրման ուղղությամբ։

Լրատվական այս կայքի հրապարակումը հերքվեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության կողմից, ավելին տարբեր տեսանյութերում հնչող նույն ձայնի առկայությունը ծաղրի ենթարկեցին կազմակերպության ներկայացուցիչները։

Օրերս ԱԱԾ-ն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տանը խուզարկություն իրականացնելուց հետո տարածեց մի տեսանյութ, որում կադրեր կային նաև Ծառուկյաններին պատկանող տան ավտոտնակից։ Ավտոտնակում առկա բազմաթիվ մեքենաների պետհամարանիշները փակված էին ԱԱԾ ռեպորտաժում։ Պետհամարանիշների փակ լինելը չի խանգարել, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը իմանա, թե ինչ պետհամարանիշներ են առկա մեքենաների վրա․ «Հորդորում եմ ՀՀ ԱԳՆ-ին պաշտոնական Մինսկի հետ պարզել, թե Բելառուսի դեսպանատան դիվանագիտական համարները ի՞նչ են անում Գագիկ Ծառուկյանի Ռոլս-Ռոյսերից մեկի վրա»,-գրել է Իոաննիսյանը կից հրապարակելով ռեպորտաժից կադր, որում մեքենայի պետհամարանիշը փակ է։

Որպեսզի Դանիել Իոաննիսյանը հնարավորություն ունենար տեսնելու, թե ինչ պետհամարանիշներ են դրված ԱԱԾ ռեպորտաժում երևացող մեքենաների վրա, որոնց համարանիշները փակ են, ապա նա առնվազն պետք է այդ նյութերը տեսած լիներ մոնտաժից առաջ, իսկ դա նշանակում է, որ նա մասնակցել է ԱԱԾ ռեպորտաժի պատրաստման աշխատանքներին։