Գագիկ Ծառուկյանի նախկին ոխերիմ կողմնակիցները և ներկա քննադատները

gagik carukyanՕրերս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց Դավթաշեն համայնքում կառուցվող նոր օլիմպիական ավան: Ավանը կառուցվում է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի միջոցներով: Օլիմպիական ավանի աշխատանքները զգալի ծավալներ են ընդգրկում և այն մեծ նշանակություն ունի հայկական սպորտի ապագա զարգացման համար:

Այս լուրը տարածվելուն պես մի շարք ֆեյսբուքյան օգտատերեր սկսեցին քննադատության տարափը: Օգտատերերը, քննադատում են Գագիկ Ծառուկյանին՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման համար,համարելով, որ նման հանդիպումն անընդունելի է:

Անհասկանալի են այն օգտատերերի քննադատությունները, ովքեր հայտարարում են, որ Գագիկ Ծառուկանը չպետք է հանդիպի Սերժ Սարգսյանի հետ: Հարկ է նշել , որ Ծառուկյանն ու Սարգսյանը չեն կարող չհանդիպել, քանի որ նրանք պարտավորված են հանդիպել ի պաշտոնե: (Սպորտը որքան հեռու, այնքան էլ մոտ է քաղաքականությանը։ Միջազգային սպորտային հանդիպումները, որոնք երբեմն մեր թշնամի պետություններում են տեղի ունենում պահանջում են նաև քաղաքական մոտեցումներ:  Չի կարող երկրի սպորտի պատասխանատուն չհանդիպել երկրի ղեկավարի հետ: Ինչպես եք պատկերացնում չհանդիպեն ՀԱՕԿ նախագահը և Հայաստանի նախագահը, այն դեպքում, երբ Հայաստանը ներկայացնող սպորտային թիմերը պետք է մեկնեն Բաքու: Դա նույն է, ինչ Սերժ Սարգսյանն ու Էդվարդ Նալբանդյանը չհանդիպեն, քանի որ ինչ-որ անձնական խնդիրներ են ունեցել նախկինում:

ԲՀԿ նախկին առաջնորդը քաղաքականությունից դուրս գալով մաքսիմալ անկեղծ է վարվել հանրության հետ: Նա ի տարբերություն շատ և շատ ընդդիմադիր առաջնորդների չի փորձել մեղադրել որևէ մեկին:  Դուրս գալով քաղաքականությունից, ՀԱՕԿ նախագահը իր ամբողջ ներուժը ներդրել է հայկական սպորտի զարգացման գործում, որտեղ արդեն իսկ կան տեսանելի արդյունքներ:Այդ արդյուքներից մեկը օլիմպիական ավանի կառուցումն է, որը չափազանց կարևոր ծրագիր էր Հայաստանի համար: ՀԱՕԿ նախագահի աջակցությամբ մի քանի այլ խոշոր ծրագրեր ևս իրականացվել են, այդ թվում նաև հայ մարզիկների ոգեշնչող ելույթները Բաքվում:

Գագիկ Ծառուկյանի և Սերժ Սարգսյանի հանդիպումների մեջ չկա որևէ տարօրինակություն։ Փոխարենը անհասկանալի են այն գործիչները և ուժերը, ովքեր ներկայանալով ընդդիմադիր , «հերթ են կանգնել» Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու և քննարկելու Սահմանադրական բարեփոխումները, որին, ի դեպ իրենք դեմ են: Ահա այստեղ պետք է փնտրել տարօրինակությունը:

Անհասկանալին այն է, որ Գագիկ Ծառուկյանին փորձում են սևացնել այն անձինք, ովքեր ժամանակին նրան փրկիչ էին համարում և խարազանում նրանց, ովքեր կփորձեն որևէ սխալ մեկնաբանություն անել նրա հասցեին: Ի դեպ, երբ  Ծառուկյանը ղեկավարում էր ԲՀԿ-ն, այն ժամանակ ևս նա հանդիպումներ էր ունենում Սերժ Սարգսյանի հետ և Ծառուկյանին այս օրերին քննադատողները, այն ժամանակ անարգանքի սյունին էին գամում այն մարդկանց ովքեր որևէ կերպ կփորձեին քննադատել այդ հանդիպումները: Այդ ժամանակ ևս, երբ սուր քաղաքական պայքար էր գնում Գագիկ Ծառուկյանի և Սերժ Սարգսյանի միջև, Գագիկ Ծառուկյանն այդ պայքարը չէր տեղափոխում սպորտի աշխարհ: Լինելով ներկա իշխանություններին ընդդիմադիր քաղաքական ուժի ղեկավար՝ երբեք չի փորձել միջազգային ասպարեզում վնասել Հայաստանի հեղինակությանը:

Մի բան հստակ է Գագիկ Ծառուկյանը չի փոխվել իր մոտեցումներով, իսկ ահա նրա նախկին ոխերիմ կողմնակիցները, որոնք ներկայումս փորձում են հանդես գալ որպես քննադատ շատ են փոխվել:

Նմանօրինակ քննադատությունները ցույց են տալիս այդ անձանց «նվիրվածությանը»  Համաժողովրդական շարժմանը, որը առաջ էր գնում Գագիկ Ծառուկյանի առաջնորդությամբ: Նման պահվածքը ցույց է տալիս, թե ինչ էին անելու նրանք, երբ իշխանությունների հետ գնար առճակատման շարժումը:

 

Դիտվել է 2,093 անգամ
 


Այս թեմայով