Վաղը Երևանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով առաջին դատական նիստը, որը կսկսվի ժամը 13։00-ին։
Դատական նիստից օրեր առաջ, դատարանի մուտքի մոտ նստացույց են սկսել պաշտոնաթող նախագահ Քոչարյանի աջակիցները։ Նրանք պահանջում են, որպեսզի դատարանը կյանքի կոչի ՍԴ հայտնի որոշումը և անհապաղ ազատ արձակի Ռոբերտ Քոչարյանին։
Քոչարյանի ազատ արձակման դեմ բողոքի ակցիա է փորձում իրականացնել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմակից գեներալ Գագիկ Մելքոնյանը։
Հիշեցնենք, որ նույն Գագիկ Մելքոնյանը Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին զբաղեցրել է ՀՀ ԶՈՒ թիկունքի պետի պաշտոնը։ Ի դեպ վարչապետ Փաշինյանն ամիսներ առաջ հայտարարեց, թե այդ տարիներին զինվորների «տռուսիկ-մայկաները» գողացել են։ Ըստ էության Փաշինյանն անուղղակի կերպով մեղադրեց հենց Գագիկ Մելքոնյանին, քանի որ զինվորների սննդի և հագուստի պատասխանատուն ի պաշտոնե ինքն է եղել։ Փաշինյանը իր խոսքում նաև չբացառեց, որ զինվորների հասանելիքը գողացողները կարող են պատժվել։
Ըստ ամենայնի Գագիկ Մելքոնյանը վաղվա ակցիայով փորձում է երկրի վարչապետի համար հաճելի ֆլեշմոբ կազմակերպել և ապահովել իր պաշտոնավարման տարիների մութ պատմություններին չանդրադառնալու որոշում։ Մելքոնյանը լավ է հասկանում, որ վարչապետ Փաշինյանն անձնական վրեժ ունի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ և վստահ է, որ վարչապետը կգնահատի գեներալի անձնուրաց ակտիվիստի նվիրվածությունը և այլևս չի խոսի զինվորներից գողացված «տռուսիկ-մայկաներից»։