Թրամփը պետք է վերանայի ամերիկյան զորքերի պահվ...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է վերանայի ամերիկյան զորքերի պահվածքը տարածաշրջանում` այլ երկրների նկատմամբ անիմաստ մեղադրանքներ առաջադրելու փոխարեն: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Աբբաս Մուսավին` հերքելով Թրամփի անհիմն մեղադրանքներն Իրանի դեմ ՝ վերջին շրջանում Իրաքում ամերիկյան ռազմակայանի վրա հարձակման հետ կապված, հայտնում է Press TV-ն:

«Վտանգավոր քայլեր ձեռնարկելու եւ անհիմն մեղադրանքներ առաջադրելու փոխարեն Թրամփն, ավելի լավ է, վերանայի իր ուժերի ներկայությունն ու պահվածքը տարածաշրջանում»,- ասել է Մուսավին:

Նա նշել է, որ նման գրոհներն Իրաքում ԱՄՆ-ի շահերի դեմ արաբական երկրում նրանց ապօրինի ներկայության արդյունքն են` շեշտելով, որ Վաշինգտոնը չի կարող ուրիշներին մեղադրել իրաքցի հրամանատարների սպանության հետ կապված իրաքցիների արձագանքի համար:

Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, Միացյալ Նահանգները ավիահարվածներ են հասցրել Իրաքում «Քաթաիբ Հեզբոլլահ» շիական խմբավորման զենքի հինգ պահեստների ուղղությամբ` Էտ-Թաջում տեղակայված ռազմաբազայի հրթիռակոծմանը «համամասնական պատասխանի» շրջանակներում:

Ըստ Պենտագոնի` «այդ հարվածները պաշտպանողական, համաչափ բնույթ են կրել եւ ուղիղ պատասխան էին Իրանից աջակցություն ստացող շիական խմբավորումների կողմից ստեղծվող սպառնալիքներին, որոնք կոալիցիոն ուժերի հետ միասին շարունակում են հարձակումները բազաների վրա»:

Պաշտպանական գերատեսչությունում հիշեցրել են, որ չորեքշաբթի Էտ-Թաջում ռազմաբազայի հրթիռակոծման հետեւանքով երկու ամերիկացի ու մեկ բրիտանացի զինվորական է զոհվել, 14 մարդ վիրավորվել է: