Թոխատյանը վրեժ է լուծում Սերժ Սարգսյանից

Օրերս դերասան Հրանտ Թոխատյանը «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարեց, որ «Սերժ Սարգսյանը 2009-ից կորցրել էր իրականության զգացումը»։ 

Հրանտ Թոխատյանը նույն հարցազրույցի ժամանակ հայտարարել է․«․․․Ասել եմ 2008 թվին դա, բեմից, իր ներկայությամբ: Ասի՝ եթե էսպիսին պետք ա լինի 10 տարի հետո, ոնց ես ներկայացրեցի Երևանն ու Հայաստանը, ասի՝ ավելի լավ կլինի չառաջադրվես: Ասի՝ եթե պատրաստ ես փոխվես, պատրաստ ենք թևերս կոլոլելու՝ քեզ հետ միասին երկիրը դարձնենք նորմալ երկիր: Ինքը կանգնեց՝ ասեց ես իմ ձեռքը մեկնում եմ, ես պատրաստ եմ: Բայց դա միայն խոսքեր էին, փուչ խոսքեր, որոնք հենց ընենց անցան»։

Դերասանի այս հայտարարությունը մեծ աղմուկ բարձրացրեց, քանի որ շատերը դեռ հիշում են, որ 2008 թվականին Հրանտ Թոխատյանը քաղաքացիներին հորդորում էր քվեարկել Սերժ Սարգսյանի օգտին, քանի որ երկրի ապագան հենց նրա ղեկավարման ներքո էր պատկերացնում։

Հրանտ Թոխատյանը հայտարարում է, որ 2009 թվականին «Սերժ Սարգսյանը կորցրել էր իրականության զգացումը» այդ դեպքում ինչպես էր ստացվել, որ նա նույն Սերժ Սարգսյանի ղեկավարած կուսակցության ցուցակով դարձավ Երևանի ավագանու անդամ։ Թոխատյանը 2017 թվականին նույն ՀՀԿ իշխանություններից ստացավ «Արաբկիր» մշակութային կենտրոնի շենքն անհատույց օգտագործման իրավունքով։ Այս ընթացքում, իհարկե, նա չէր հիշում այն մասին, որ Սերժ Սարգսյանը «կտրվել է իրականությունից» և «փուչ խոսքեր է ասում»։ 

Հրանտ Թոխատյանը միայն հիմա է խոսում Սերժ Սարգսյանի թերություններից, երբ վերջինս այլևս իշխանության չէ։ Այդպես հարմար է։ Ավելին, նա հիմա է խոսում, քանի որ նախկին իշխանությունները «Արաբկիր» մշակութային կենտրոնի շենքը 10 տարի ժամկետով էին տվել, իսկ ինքը նոր իշխանություններից առավել երկար ժամանակով է խնդրում և առավել լավ պայմաններով ամրագրված պայմանագրով։ Այս մասին Թոխատյանն ասում է նույն հարցազրույցի ժամանակ։ Ու ստացվում է, որ Թոխատյանը պարզապես վրեժ է լուծում Սերժ Սարգսյանից՝ «Արաբկիր» մշակութային կենտրոնի շենքը, ասենք, 100 տարով չտալու համար։ Պետք չէ այս ամենի մեջ ավելի խորը բաներ փնտրել։

Հ․Գ․ Մեր ընթերցողներին կխնդրենք դիտել նաև ներկայացված տեսանյութը, որպեսզի հասկանալի լինի, թե 2014 թվականին ինչպես էր Հրանտ Թոխատյանը վերաբերվում արդեն 5 տարի «իրականությունը կորցրած» Սերժ Սարգսյանին։