ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել...

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն այսօր ընդունել է երկաթուղային տրանսպորտի ոլորտում մասնագիտացած ֆրանսիական «Արտերայ» ընկերության Հայաստանի գծով ծրագրերի պատասխանատու Տիգրան Առաքելյանին և Ֆրանսիա-Հայաստան առևտրա-արդյունաբերական պալատի ադմինիստրատոր Մարինա Մուրադյանին:

«Արտերայ» ընկերությունն առաջարկում է խորհրդատվական և տեխնիկական աջակցություն՝ կապված երկաթուղային շարժակազմի, շահագործման սարքավորումների և ազդարարման համակարգերի հետ: Ընկերությունն օգնություն է ցուցաբերում նաև որոշումների կայացմանը և իրականացմանը՝ առաջարկելով ուրույն մեթոդաբանություն, տեխնիկական փորձաքննություն և ֆինանսական մոդելավորումներ:

Հանդիպմանը Հայաստանի գծով ծրագրերի պատասխանատու Տիգրան Առաքելյանը տեղեկացրել է, որ «Արտերայ» ընկերությունը, որը մի շարք ծառայություններ է մատուցում տրանսպորտային ցանցերին և երկաթուղային օպերատորներին, մշակել է նաև Երևան-Զվարթնոց օդանավակայան-քաղաքի կենտրոն կապուղի կառուցելու ծրագիր:

Փոխնախարար Արմեն Սիմոնյանը ողջունել է երկաթուղային ցանցի ընդլայնմանն ու արդիականացմանն ուղղված ընկերության առաջարկությունները: Կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր և պատրաստատակամություն են հայտնել համագործակցել ոլորտի զարգացմանն ուղղված նախաձեռնություններում: