Թիրախում Գագիկ Ծառուկյանն է

Նոր իշխանություններին Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններից հետո առավել շատ է անհանգստացնում Բարգավաճ Հայաստան կուսակցության վարկանիշը։ Նախընտրական շրջանում Փաշինյանն ու իր թիմակիցները արեցին ամեն բան, որպեսզի Ազգային Ժողովում այլ քաղաքական ուժեր նշանակալի տեղ զբաղեցնեն։ Հասարկությանը բաժանեցին սևերի և սպիտակների ու հայտարարեցին, որ ովքեր հեղափոխությանը աջակցում են, պետք է քվեարկեն միայն «Իմ քայլը» դաշինքին։ 

Չնայած նոր իշխանությունների ջանքերին` ԲՀԿ-ն կարողացավ պատկառելի ներկայացվածություն ունենալ Ազգային Ժողովում։ Չնայած հանրության էյֆորիկ վիճակին տասնյակ հազարավոր քաղաքացիներ վստահեցին ԲՀԿ-ին, և նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանին։

Բնական է, որ նոր Ազգային Ժողովում ԲՀԿ-ն պետք է ընդդիմադիր լիներ իշխանություններին։ Բնական է, որ ԲՀԿ-ական փորձված պատգամավորները պառլամենտական աշխատանքում առավելություններ էին ունենալու 88 հոգանոց «Իմ քայլը» խմբակցության նկատմամբ։

Ամիսներ շարունակ հարկային մարմինները ստուգումներ են իրականացնում Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող ձեռնարկություններում։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը օրինագիծ է բերում, որով փորձում է վատթարացնել Ծառուկյանի ընտանիքին պատակնող «Արարատցեմենտ» ընկերության աշխատանքը, որի պատճառով հազարից ավելի քաղաքացիներ կարող են մնալ առանց աշխատանքի։

Այս ամենից հետո նոր իշխանություններին մոտ կանգնած «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը՝ ի դեմս գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանի, դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին և ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ սույն թվականի ապրիլի 19-ին «Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ նիստերի դահլիճում և դրանից դուրս լրագրողների հետ շփումներում հնչեցրած հայտարարությունների հետ կապված քրեական հետապնդում հարուցելու և ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու գործընթաց սկսելու հարցով՝ հաշվի առնելով պատգամավորի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքը։

Այս դիմումին «լույսի արագությամբ» արձագանքում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը, հրավիրվում է խմբակցության նիստ, և պատգամավոր Լիլիթ Մակունցը հայտարարում է, որ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդես կգա հայտարարությամբ։

Այս ամենից ակնհայտ է, որ ԲՀԿ-ն հայտնվել է նոր իշխանությունների թիրախում, և արվում է ամեն բան, որպեսզի մարդկային, քաղաքական, ֆինանսական ռեսուրսներ ունեցող քաղաքական ուժը չեզոքացվի։ Նոր իշխանությունների այս ոճը որևէ լավ բան չի խոստանում։ Եթե վարչապետ Փաշինյանը իրապես ցանկանում է ժողովրդավար պետություն կայացնել, ապա պետք է կանգնեցնի իր ընդդիմադիրների նկատմամբ այս ճնշումները, իսկ եթե ցանկանում են միակուսակցական քաղաքական համակարգի անցնել, ապա լավ կլինի ազնիվ գտնվեն և հրապարակային խոսեն այդ մասին, որպեսզի հանրությունն էլ իմանա, թե ինչ է սպասվում։