Տիգրան Ավինյանը Համաշխարհային առաջնորդության...

Մայիսի 14-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ճանաչողական այցով Հայաստանում գտնվող Համաշխարհային առաջնորդության հիմնադրամի պատվիրակությանը, որի կազմում էին Շվեյցարիայի նախկին նախագահ Միշելին Կալմի-Ռեյը, 1989-92 թթ. ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Թոմաս Փիքերինգը, 2011-17 թթ. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ խաղաղապահ առաքելությունների հարցով տեղակալ Հերվե Լադսուսը, ինչպես նաև հիմնադրամի նախագծերի տնօրեն Ամիթավ Բաներջին: Այս մասին հայտնում են փոխվարչապետի գրասենյակից:

Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետ Ավինյանն ընդգծել է, որ Համաշխարհային առաջնորդության հիմնադրամն իր ներկայացուցչական կազմով ահռելի փորձ և արժեքավոր գիտելիքներ է ընդգրկում, ինչը միանշանակ կարող է օգտակար լինել հասարակական կյանքի տարբեր ոլորտներում արմատական բարեփոխումներ իրականացնող Հայաստանի համար: Այս համատեքստում փոխվարչապետ Ավինյանն իր զրուցակիցներին ներկայացրել է այն նպատակները և արժեքները, որոնք ընկած են կառավարության կողմից իրականացվող նոր նախաձեռնությունների հիմքում:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ տիկին Կալմի-Ռեյը նշել է, որ Հայաստանում տեղի ունեցող գործընթացները հիացմունք են առաջացրել երկրի սահմաններից դուրս, և Հիմնադրամի ներկայացուցիչները պատրաստակամ են փոխանցելու իրենց երկրների հաջողված փորձը Հայաստանին, ինչպես նաև իրականացնելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրեր:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել հանրային կառավարման ոլորտի բարեփոխումների, ներառական տնտեսական համակարգի կայացման և ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը միտված միջոցառումների շուրջ: Անդրադարձ է կատարվել վերոնշյալ ոլորտներում տարբեր պետությունների կողմից որդեգրված մոտեցումներին և վերջիններիս լավագույն փորձի Հայաստանում կիրառման հնարավորություններին: