The Washington Post-ը հրապարակել է Հաշքաջիի վերջին հոդվածը

Ամերիկյան The Washington Post թերթը հինգշաբթի հրապարակել է լրագրող Ջամալ Հաշքաջիի հոդվածը, որի շուրջ աշխատանքը նա ավարտել էր հոկտեմբերի 2-ին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում անհետացումից առաջ։ Լրագրողի սյունակում հիմնական թեմաներն են արաբական աշխարհում զանգվածային լրատվության միջոցների ազատության ցածր մակարդակը և նորությունների լուսաբանման վրա պետական ազդեցության խստացումը, փոխանցում է ТАСС-ը:

«Արաբական երկրների կառավարություններն աճող արագությամբ շարունակում են լրատվամիջոցներում խնդիրները լռեցնել։ Կար ժամանակ, երբ լրագրողները հավատում էին, որ համացանցը կազատի լուրերն այն գրաքննությունից ու վերահսկողությունից, որ կա տպօագիր մամուլում։ Սակայն այս կառավարությունները, որոնց գոյությունն էլ ինքնին կախված է տեղեկության վերահսկողությունից, ագրեսիվորեն արգելափակում են համացանցը։ Արաբական աշխարհը բախվում է «երկաթյա վարագույրների» սեփական տարբերակին, որոնք պարտադրվել են ոչ թե արտաքին սուբյեկտների, այլ իշխանության համար պայքարող ներքին ուժերի կողմից», -գրել է Հաշքաջին։
Նա նշում է, որ շատ արաբ լրագրողներ նախընտրում են լռել գործընկերների բազմաթիվ ձերբակալությունների մասին։ Լրագրողի կարծիքով՝ 2011-ի գարնանը արաբական աշխարհը լի էր հույսերով, սակայն ակնկալիքներն չարդարացան. «Հասարակությունը կամ վերադարձավ նախկին ստատուս քվոյին, կամ բախվեց ավելի կոշտ պայմանների, քան նախկինում էր»։
The Washington Post–ի «Գլոբալ կարծիք» սյունակի խմբագիր Քարեն Ատիյան նշել է, որ Հաշքաջիի հոդվածը ստացել է նրա թարգմանչից ու օգնականից անհետացման հաջորդ օրը։

Այս թեմայով