Տեսանյութ. Պատեհապաշտության 25-ամյա հաղթանակը...

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը գրել է. «...Արդարադատությանը չեմ միջամտել և այդպիսի իրավունք չեմ ունեցել... Ոչ մեկին չեմ մեղադրել, ոչ մեկի անմեղության կանխավարկածը չեմ խախտել, նման որևէ արձանագրված դեպք չի եղել»,- ասում է դատարանում պարոն Քոչարյանը և ես հիշում եմ, որ իսկապես երկու հարյուր մարդու աչքի առաջ Պողոս Պողոսյանին սպանած ԿՈՒԿՈՒ-ի անմեղության կանխավարկածը չի խախտել, ընդամենն ասել է, որ ոչ մի սարսափելի բան չի եղել, երբ նախագահները տեղից տեղ են շարժվում, կարող են նաև մարդիկ սպանվել... Ասել է հանրային, հեռուստատեսությամբ, ի գիտություն... Ողջ Հայաստանն է լսել, նաև դատարանը... Եվ դատարանը դա ընդունել է ի գիտություն, վկաներ «չեն գտնվել», «ազատ-անկաշկանդ» դատարանն ազատ է արձակել ԿՈՒԿՈՒին: Այդպիսի արդարադատ և լսող դատարան էր Քոչարյանի դատարանը: Բա չէ, հիմա, էլ ըմբոստություն, էլ «յախա փախցնել», էլ օրենք, էլ փուչիկ... Օրե՞նքս որն է, այ մարդ...»:

Թվում է, թե անկեղծ են տիկին Խառատյանի մղումները, և նա ցանկանում է արդարությունը վերականգնել: Նա փորձում է խոսել նախկինում կատարված հանցագործությունների մասին: Եկեք միասին փորձենք հասկանալ՝ իսկ որտե՞ղ էր տիկին Խառատյանը, երբ իր մատնանշած չար Կուկուն մարդ էր սպանում՝ 200 վկայի աչքի առաջ: Տիկին Խառատյանը Պողոս Պողոսյանի սպանությունից ուղիղ երեք տարի հետո, Ռոբերտ Քոչարյանի իշխանության մաս էր կազմում: Նա ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչության պետն է եղել: Բայց, չէ՞ որ տիկին Խառատյանն այսօր հայտարարում է, որ բոլորը գիտեին այն ժամանակ Պողոս Պողոսյանի սպանության մանրամասների մասին: Չէ՞ որ տիկին Խառատյանը պնդում է, որ Քոչարյանի օրոք դատարանները արդար չեն եղել: Այդ դեպքում ինչպե՞ս ստացվեց, որ ամբողջ Հայաստանի առաջ մարդասպանին բաց թողած «հանցավոր» իշխանության մաս կազմեց նա:

Երբ մի փոքր էլ հետ ենք գնում՝ մեր ոչ այնքան հեռավոր պատմության էջեր, տեսնում ենք, որ նույն Հրանուշ Խառատյանը մասնակցում էր նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի նախընտրական քարոզարշավին և քաղաքացիներին համոզում էր քվեարկել նրա օգտին: Այդ օրերին էլ նա քննադատում էր առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի իշխանությանը: Եվ այստեղ էլ հետաքրքիր բան է պարզվում՝ Տեր-Պետրոսյանին թալանի մեջ մեղադրող տիկին Խառատյանը նաև նրա իշխանության մասն է եղել: Ամենայն հավանականությամբ՝ տիկին Խառատյանը հիմնվում է հասարակության կարճ հիշողության վրա և փորձում է ամեն անգամ մաքուր էջից ներկայացնել իր կենսագրությունը, բայց հիմա նման կերպ վարվելը դժվար է, հիմա տեղեկատվությունը  շատ ավելի հասանելի է մարդկանց:

Ի դեպ, տիկին Խառատյանը իր կենսագրության մեջ հպարտորեն նշում է, որ 2008 թվականի «Մարտի 1»-ի իրադարձություններից հետո թողել է ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչության պետի պաշտոնը, բայց այստեղ էլ նա մի կարևոր դետալ բաց է թողնում՝ նա պաշտոնից հեռացել է 2008 թվականի մայիսին: Եվ ոչ այն պատճառով, որ անհամաձայն էր մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձություների հետ, պարզապես նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը իր մտերիմին էր նշանակում այդ պաշտոնին: