Տեսանյութ. Օսիպյանի կոմպրոմատը Փաշինյանի մասի...

Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրաժարականը շատերի համար անսպասելի էր: Իշխանությունները առաջին օրերին որևէ մեկնաբանություն չէին տալիս, իսկ որոշ ժամանակ անց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ վարչապետ Փաշինյանը դժգոհ է եղել ԱԱԾ պետ Վանեցյանի և ոստիկանապետ Օսիպյանի աշխատանքից և հենց կառավարության ղեկավարի որոշմամբ են նրանք ազատվել: Թվում էր թե այս հայտարարությունը նշանակում է, որ ուժային կառույցների պաշտոնանկ արված ղեկավարների համար ավարտված է կարիերան:

Կարճ ժամանակ անց, սակայն պարզվեց, որ Օսիպյանի համար ամեն բան ավարտված չէ՝ նախկին ոստիկանապետը նշանակվեց վարչապետի գլխավոր խորհրդական: Այս նշանակումը հատկապես նոր հարցերի առիթ դարձավ: Հասարակության համար անհասկանալի է, թե ինչու՞ է վարչապետը իր աշխատանքը տապալած ոստիկանապետին նշանակում գլխավոր խորհրդական: Այդ ի՞նչ անգին խորհուրդներ պետք է տա Վալերիյ Օսիպյանը:

Օսիպյանի նոր պաշտոնն ավելի շատ նման է պատվավոր աքսորի: Վարչապետը նրան հանում է կարևորագույն պաշտոնից, բայց նաև իրեն շատ մոտ է տանում, որպեսզի շարունակի մնալ իր վերահսկողության տակ: Իսկ ինչն է ստիպում վարչապետին վախենալ նախկին ոստիկանապետից, որ նրան այդքան մոտ է պահում: Վախի պատճառը կարող է լինել միայն մեկ բան՝ Օսիպյանը տիրապետում է տեղեկատվության, որը չգիտեն մյուսները և վարչապետ Փաշինյանն այդ կերպ պաշտպանում է տեղեկատվությունը:

Իսկ ինչ կարող էր իմանալ նախկին ոստիկանապետը: Սա հասկանալու համար անհրաժեշտ է, որպեսզի մենք վերադառնանք 2018 թվականի ապրիլ: Իշխանափոխության օրերին Վալերիյ Օսիպյանը, որպես հասարակական կարգի պահպանման գլխավոր պատասխանատու գրեթե ամեն պահի եղել է Փաշինյանի կողքին: Այդ օրերին տարածվեց մի սենսացիոն տեսանյութ, որտեղ հստակ երևում էր, որ Փաշինյանը ինչ որ թուղթ էր փոխանցում Օսիպյանի հետևում կանգնած ոստիկանին:

Տեսանյութի այս հատվածն իհարկե լայն տարածում գտավ, բայց հասարակական էյֆորիան թույլ չտվեց հավատալ տեսածին: Մարդիկ շատ արագ փորձեցին մոռանալ իրենց տեսածը, որպեսզի չփչացնեն իրենց համար արդեն հերոս դարձած Փաշինյանի կերպարը:

Իրականում այս տեսանյութը շարունակություն ունի, որում հստակ երևում է, որ Փաշինյանի փոխանցած հաղորդագրությունն արդեն Օսիպյանի ձեռքում է:

Իհարկե մենք այս պահին չգիտենք, թե ինչ էր գրված այդ թղթի վրա: Չգիտենք նաև, թե այդ թուղթը վկայում է միայն Օսիպյան-Փաշինյան նախապես պլանավորախ կապի մասին, թե այս ամենը շատ ավելի հեռուն է տանում: Մենք սրա մասին կարող էինք իմանալ իհարկե, եթե Օսիպյանը խոսեր, բայց նա չի խոսքի, քանի որ Փաշինյանը գտել է նրան լռեցնելու ձևը:

Ամեն դեպքում իշխանափոխությունից մեկ ու կես տարի անց կրկին անգամ այս տեսանյութի դիտումը կօգնի շատերին հարցեր տալ և փորձել գտնել այդ հարցերի պատասխանները: Հիմա էյֆորիան շատ ավելի քիչ է, իսկ հերոսն էլ նախկինը չէ: