Տեսանյութ․ Իշխանական պատգամավորն ու մարզպետը...

Ազգային Ժողովի իշխանական պատգամավոր Քրիստինե Պողոսյանի օգնական Հրաչյա Հարությունյանը սեռական բնույթի հայհոյանք է գրել բոլոր նրանց մասին, ովքեր կարծում են, որ կառավարությունը թերանում է կորանավիրուսի դեմ տարվող աշխատանքներում։

Հետաքրքիր է, որ պատգամավորի օգնականի այս գրառումը հավանել են Ազգային Ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանը և Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։ Ըստ էության նրանք միացել են նրակարծիքին և կարծում են, որ նրա կողմից նշված հայհոյանքին արժանի են այն քաղաքացիները ովքեր կարծում են, որ կառավարությունը թերացել է։

ԱԺ պատգամավորի օգնականի այս գրառմանը անդրադարձ է կատարել ԱԺ պատգամավոր Անի Սամսոնյանը․«Իշխանությունը պայքարում է ատելության և անհանդուրժողականության դեմ, չէ՞։ Եվ սա օրենսդիր մարմնում աշխատողի ասելիք և որակ է։

Այնինչ շատ արժանի և դաստիարակված մարդիկ աշխատանք են փնտրում: Իսկ սույն անձը աշխատում է Աժ-ում և այս հարթակում հակահիգիենիկ, կեղտոտ հայհոյանքներով վարքագիծ է ցուցաբերում, պատգամավորն ու Լոռու մարզպետն էլ լայքում են»:

Ի դեպ, երբ համացանցում սկսեցին ակտիվ քննարկել ԱԺ աշխատակցի վարքը՝ նա շատ արագ հեռացրեց իր գրառումը։