Տեսանյութ․ Դիլիջանում խոշոր չափերի չարաշահում...

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները, օպերատիվ տեղեկությունների հիման վրա, Դիլիջանի բաժնի ծառայողների հետ համատեղ փաստական տվյալներ են ձեռք բերել, որ Դիլիջանի քաղաքապետն օգտագործելով պաշտոնեական դիրքը` Դիլիջանի նախկին «քաղսովետի» բազմահարկ շենքում տարբեր հիմունքներով տարածքներ զբաղեցրած պետական գերատեսչությունների եւ այլ տնտեսվարողների խնդրանքով` նշված շենքը վերանորոգելու պատրվակով 2006 թ. փետրվարի 28-ի որոշմամբ հայտարարել է շուկայականից անհամեմատ ցածր` տարեկան, այս պահին քննությանը հայտնի տվյալներով, մոտ 1 միլիոն 300 հազար դրամ մեկնարկային գնով, 40 տարի ժամկետով շենքը վարձակալությամբ տրամադրելու աճուրդ` մասնակիցների կողմից շենքի կապիտալ վերանորոգման ծրագիր ներկայացնելու եւ իրականացնելու պարտադիր պայմանով:

Ոստիկանությունից  հայտնում են, որ այնուհետեւ քաղաքապետը, ըստ նախնական տվյալների, համաձայնության գալով քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պետի հետ` աճուրդից 30 օր առաջ նրա դստեր անվամբ հիմնադրված սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն աճուրդում հաղթող ճանաչելու նպատակով կազմակերպել են ձեւական աճուրդ, որի շրջանակներում ֆինանսական բաժնի պետը, աճուրդին իբրեւ երկրորդ ընկերության մասնակցությունն ապահովելու համար, նախօրոք պայմանավորվածություն է ձեռք բերել ծանոթ մեկ այլ ընկերության հիմնադիր տնօրենի հետ` առաջարկելով ստորագրել եւ կնքել աճուրդի անցկացմանը հայտ ներկայացնելու եւ մասնակցելու վերաբերյալ կեղծ փաստաթղթերը, ապա հանձնաժողովի անդամների օժանդակությամբ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելով` մրցութավարի փոխարեն կեղծ ստորագրությամբ կազմել ու հաստատել են աճուրդի նիստ անցկացնելու վերաբերյալ պաշտոնական փաստաթղթեր, որոնց հիման վրա էլ 2006 թ. ապրիլի 28-ին կնքված առուվաճառքի պայմանագրով` անշարժ գույքը տարեկան, այս պահին քննությանը հայտնի տվյալներով` մոտ 1 միլիոն 400 հազար դրամով 40 տարի վարձակալության իրավունքով, հանձնել են քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պետի աղջկա անվամբ հիմնադրված ընկերությանը: