Տեր-Պետրոսյանը մեծամասնություն ունի «Իմ քայլը...

Ապրիլի 16-ին Ազգային ժողովը Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում երրորդ անգամ չընտրեց նախագահի առաջադրած թեկնածուին: 24 կողմ և 75 դեմ ձայների հարաբերակցությամբ Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը մերժվեց:

Սա նախագահ Արմեն Սարգսյանի՝ այդ պաշտոնին թեկնածու առաջադրելու երրորդ փորձն էր, երեք հավակնորդներից ընտրել էր իրավագիտության դոկտոր, տարիներով Գերմանիայում ապրած ու աշխատած Գոռ Հովհաննիսյանին։

Հիշեցնենք, որ Գոռ Հովհաննիսյանից առաջ նախագահ Արմեն Սարգսյանը առաջադրել էր նախկին նախագահ Լևոն տեր-Պետրոսյանի մտերիմ փաստաբան, նոր իշխանությունների հետ փայլուն հարաբերություններ ունեցող Վահե Գրիգորյանին։ Վահե Գրիգորյանի թեկնածությունը առաջադրվեց իշխանափոխությունից հետո։ Խոսակցություններ կային, որ դա եղել է նոր իշխանությունների պահանջը, որը չի մերժել նախագահ Արմեն Սարգսյանը։ Սակայն այն ժամանակ ԱԺ-ում մեծամասնություն կազմող ՀՀԿ-ն չընտրեց Վահե Գրիգորյանին, քանի որ նա քաղաքականացված կերպար էր և չեր համապատասխանում ՍԴ դատավորի կերպարին։

ԱԺ ընտրություններից հետո մեծամասնություն կազմող «Իմ քայլը» խմբակցությունը հանգիստ կարող էր ընտրել Վահե Գրիգորյանին, բայց այս անգամ էլ նախագահ Արմեն Սարգսյանը քաղաքական կամք դրսևորեց և առաջադրեց քաղաքականապես չեզոք Գոռ Հովհաննիսյանին՝ մերժելով Վահե Գրիգորյանի դիմումը։

Գոռ Հովհաննիսյանի առաջադրումից հետո, մամուլում հայտնված տեղեկությունների համաձայն, նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը վստահեցրել էր Վահե Գրիգորյանին, որ կանի ամեն բան, որպեսզի նոր իշխանությունները չընտրեն Գոռ Հովհաննիսյանին և հետո կփորձեն կառավարության միջոցով ճնշել նախագահ Արմեն Սարգսյանին, որպեսզի նորից Վահե Գրիգորյանին առաջադրի։

Հ․Գ․ Փաստորեն, Տեր-Պետրոսյանը իր տված խոստումի առաջին մասը պահել է՝ նա ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում ունի մեծամասնություն՝ 75 ձայն։ Մնում է հուսալ, որ նրանց չի հաջողվի քաղաքական ճնշում գործադրել նախագահ Արմեն Սարգսյանի վրա։