Մարտի 29-ին «Իմ քայլը» խմբակցությունը տապալեց ԱԺ արտահերթ նիստի անցկացումը։ Հիշեցնենք, որ նիստում պետք է արտահերթ ռեժիմով քննարկվեր Սահմանադրական դատարանի մասին և ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունների փաթեթը։ Այն ներկայացրել է կառավարությունը, ՍԴ-ն փաթեթի ընդունման վերջնաժամկետ է սահմանել ապրիլի 1-ը։
Շատերի համար անհասկանալի էր, թե ինչու՞ ԱԺ միջանցքում կանգնած «Իմ քայլ»-ի պատգամավորները չեն մտնում դահլիճ և ապահովում քվորում։ Շատերի համար այս պահվածքը քմծիծաղի առիթ էր տվել, և մարդիկ կարծում էին, որ ԱԺ նորեկ պատգամավորները շփոթմունքի պատճառով են տապալել նիստը, սակայն իրականում այն բոլորովին այլ պրոցեսների մասին է վկայում։
Նիստը տապալվեց, քանի որ այդպես է ցանկացել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմը։ Օրերս հայտնի դարձավ, որ նախագահ Արմեն Սարգսյանը երկրորդ անգամ ԱԺ-ին ՍԴ անդամի թեկնածու չի ներկայացրել Տեր-Պետրոսյանի թիմակից, փաստաբան Վահե Գրիգորյանին։
Նախագահ Արմեն Սարգսյանի այս որոշումից հետո Տեր-Պետրոսյանի թիմակիցները և լրատվամիջոցները նախագահի կողմից ներկայացված թեկնածուի դեմ արշավ սկսեցին։ Տեր-Պետրոսյանի թիմակիցները պահանջում էին, որպեսզի «Իմ քյալը» չընտրի նախագահ Արմեն Սարգսյանի կողմից ներկայացված թեկնածու Գոռ Հովհաննիսյանին։
Եվ ահա, ստացվում է, առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի ազդեցությունն այնքան մեծ է «Իմ քայլը» խմբակցության ներսում, որ հանուն իր թիմակցի՝ ԱԺ աշխատանքը տապալվում է։ Եվ այս փաստը ավելորդ անգամ հերքում է Տեր-Պետրոսյանի այն պնդումները, թե ինքը որևէ կապ չունի վարչապետ Փաշինյանի հետ, և նրանք միասնական չեն գործում։