Թբիլիսիում բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալվ...

Թբիլիսիում նոյեմբերի 18-ին անցկացված բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալված բոլոր 37 անձինք ազատ են արձակվել: Նրանցից մի քանիսի գործով դատարանը որոշում կկայացնի այսօր՝ նոյեմբերի 20-ին: Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը:

Ձերբակալվածների նկատմամբ մեղադրանք է առաջադրվել անհնազանդության և խուլիգանության հոդվածներով:

Վեց մեղադրյալի գործով դատական լսումները կսկսվեն այսօր՝ ժամը 13:00-ին, իսկ որոշումը հնարավոր է կայացվի ավելի ուշ:

Հիշեցնենք, որ Թբիլիսիում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել՝ խորհրդարանի կողմից խառը ընտրական համակարգից համամասնականի անցնելու վերաբերյալ սահմանադրական բարեփոխումների ընդունման տապալման պատճառով: Ցուցարարները հայտարարել են, որ իրենք բողոքի ակցիաներ կանեն այնքան ժամանակ, քանի դեռ ընտրությունները չեն անցնի համամասնական ընտրակարգով:

Ավելի վաղ Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին նշել էր, որ 2020 թվականի ընտրությունները կանցնեն համամասնական ընտրակարգով, որից հետո հոկտեմբերի վերջին խորհրդարանն անցել է Սահմանադրության մեջ համապատասխան փոփոխություններ անելուն, սակայն իշխող կուսակցությունից շատ պատգամավորներ, որոնք ընտրվել էին մեծամասնական համակարգով, չեն աջակցել այս ծրագրին, ինչի պատճառով այն տապալվել է:

Նոյեմբերի 18-ին վրացի հատուկջոկատայինները ցրել էին ցույցը և բացել էին խորհրդարանի մուտքերը: Ընդդիմադիրներն արդեն մի քանի օր է՝ բողոքի ակցիաներ են կազմակերպում՝ պահանջելով գործող իշխանությունների հրաժարականն ու արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում: