Տարոն Մարգարյանը խաբել է մեզ. Հայտարարություն

տարոն մարգարյանՀայտարարություն
Մենք, Երեւանի Կոմիտաս 5ա-ի բնակիչներս վաղը, հունիսի 12-ին, ժ. 12:00-ին Երեւանի քաղաքապետարանի առջեւ բողոքելու ենք Երեւանի քաղաքապետ պարոն Տարոն Մարգարյանի կողմից մեր շահերի հերթական ոտնահարման դեմ:

Պարոն Տարոն Մարգարյանը, իր սանիկ, Արաբկիրի թաղապետ Հրայր Անտոնյանը եւ Երեւանի գլխավոր ճարտարապետ Բարսեղյանը հերթական անգամ խաբել են մեզ:

Նախ՝ մեր երկարամյա պայքարից հետո, Տարոն Մարգարյանը խոստացավ մեզ, որ առանց մեր համաձայնության մեր շենքի դիմաց նոր շենք կառուցելու թույլտվություն չի տա: Ապա, այնուամենայնիվ տվեց այդ թույլտվությունը՝ իր սանիկի՝ թաղապետ Հրայր Անտոնյանի շուրթերով խոստանալով, որ նոր կառուցվելիք շենքը կողքի շենքերից ընդամենը 1 հարկ է ավել լինելու, այսինքն՝ 6 հարկ: Սակայն շինթույլտվությունը տրվեց 24 մետրի համար: Ու անգամ այդ չափը գերազանցելով կառուցապատողը շենքի հարկայնությունը հասցրեց 7-ի:

Սույն թվականի մարտ ամսին լուրեր տարածվեցին, որ կառուցապատողը պատրաստվում է ինչ-ինչ ճանապարհներով գերազանցել անգամ այդ 7 հարկը: Սակայն քաղաքապետարանից հավաստիացրեցին, որ նման թույլտվություն կառուցապատողին չեն տվել:

Սակայն մայիսի կեսերից կառուցապատողը իսկապես սկսեց նոր հարկ կառուցելու աշխատանքները: Այժմ էլ Երեւանի քաղաքապետարանն ասում է, որ մայիսի 6-ին կառուցապատողին տրվել է նոր ճարտարապետահատակագծային առաջադրանք, համաձայն որի՝ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքի հիմնական ծավալի առավելագույն նիշը նախատեսվել է մինչեւ 28 մ՝ նախագծի զրոյական նիշից:

Վաղը մենք պահանջելու ենք Տարոն Մարգարյանից ընդունել մեզ եւ բացատրություններ տալ, թե որքան կարելի է մեզ խաբել եւ սպասարկել սեփական ինչ-ինչ շահերը՝ Երեւանի քաղաքացիների շահերի հաշվին:

11 հունիսի 2015թ., ք.Երեւան:

Աղբյուրը այստեղ

Դիտվել է 448 անգամ
 


Այս թեմայով