Տարածաշրջանը արագ փոխվում է. Երեւանը հիմա պետ...

Թուրք-ամերիկյան հարաբերությունները կարելի է ասել վատանում են արդեն ժամ առ ժամ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արդեն բարձրաձայն է հայտարարել, որ եթե ԱՄՆ-ն սանկցիաներ կիրառի Թուրքիայի դեմ, ապա ինքը ամերիկացի զինվորականների դիմաց կփակի Ինջիրլիքի ու Քյուրեջիքի ռազմակայանները։ Հիշեցնենք, որ Ինջիրլիքում Միացյալ Նահանգները պահում է իր միջուկային զինանոցի մի մասը։

Իր հերթին Պենտագոնը հայտարարել է, որ կքննարկեն թուրքերի հետ, թե որքանով լուրջ են այդ հայտարարությունները եւ ինչ է նկատի առնվել այդ մասին հայտարարելով։ Էրդողանի ինքնավստահությունը կարելի է ասել, նախանձելի է։ Որքան էլ հետաքրքրական է, թուրք-ամերիկյան հարաբերությունների վատացումն իր հետ բերում է ռուս-թուրքական հարաբերությունների ջերմացման։

Դժվար է ասել, թե Էրդողանը որքանով կպնդի Ինջիրլիքի բազայի փակման հարցը, սակայն իրավիճակը կամաց կամաց մոտենում է մի այնպիսի նուրբ սահմանի, որը խախտելը անշրջելի կլինի եւ նաեւ աննկատ։ Սա ինչ որ առումով Ռուսաստանի հաղթանակն է, քանի որ Թուրքիայի ձեռքով ճեղքում է մտցվել ՆԱՏՕ-ում։

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ հրապարակումներ եղան այն մասին, որ դեռ երբեք ՆԱՏՕ-ում լարվածությունը այնքան մեծ չի եղել, որքան այժմ՝ թուրք-ամերիկյան հարաբերությունների պատճառով։ Եթե անկեղծ լինենք, ապա Մոսկվայի ուզածը հենց Թուրքիային ՆԱՏՕ-ից պոկելն է, կամ գոնե ներգրավելը հակաամերիկյան ճակատի մեջ։ 16 թվականի հեղաշրջման անհաջող փորձից մինչեւ ռազմական մատակարարումների մասով Անկարային ձեռնտու պայմանների առաջարկում, այլ նպատակ չէր հետապնդում, քան Անկարային իր կողմը գրավելը։

Հիշեցնենք, որ ռուսական հետախուզությունը իրազեկել էր էրդողանին սպասվող հեղաշրջման մասին եւ ըստ էության փրկել Էրդողանի եւ աթոռը եւ կյանքը։ Եթե մի պահ պատկերացնենք, որ Ինջիրլիքն ու Քյուրեջիկը փակվում են, ապա կարելի է միանգամից արձանագրել, որ Անկարան լիովին կտրվում է ՆԱՏՕ-ից եւ միանում հակաամերիկյան ճակատին, ու քանի որ «սուրբ տեղը դատարկ մնալ չի կարող», ապա հնարավոր է, որ օրինակ ՆԱՏՕ-ական զորակազմերի փոխարեն այդ բազաներում տեղակայվեն ասենք ՀԱՊԿ-ի բազաները։

Սցենարային նման զարգացման դեպքում արդեն Հայաստանը ԱՊՀ, ԵԱՏՄ, ՀԱՊԿ կամ որ նույնն է՝ Ռուսաստանի համար հարավային սահմանապահի դերից զրկվում է, եւ կորցնում լուրջ խաղաքարտեր թեկուզ իր սահմանապահ կարգավիճակով ռեգիոնալ քաղաքական թատերաբեմին խաղալու համար։

Այս դեպքում արդեն, մեծ հաշվով արդեն Մոսկվան կարող է իր քաղաքականությունը Երեւանի հանդեպ կոշտացնել։ Երեւանը հիմա հատկապես պետք է արտաքին ճակատին ուշադիր լինի, որովհետեւ փոփոխությունները ուղղակիորեն հենց իր վրա էլ են ազդելու, ու պետք է պատրաստ լինի ճիշտ կողմնորոշվելու փոփոխությունների ցանկացած սցենարի դեպքում։