Սուտ մատնություն Ստյոպա Սաֆարյանի կողմից, կամ...

Երեկ հայտնի դարձավ, որ հունիսի 10-ին Երեւան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի տարածքում ծեծելով, ապա նաեւ դիտավորությամբ դանակի հարվածով տաքսու վարորդի են սպանել: Միջադեպին փորձել է միջամտել մի երիտասարդ, սակայն նրան նույնպես դանակահարել են: Գործը գտնվում է ՀՀ քննչական կոմիտեի տիրույթում: Տաքսու սպանված վարորդը Սարգիս Ավագյանն է՝ Մարտի 1-ի գործով տուժող Արթուր Ավագյանի հայրը:

Այս տեղեկատվության տարածումից հետո Ստյոպա Սաֆարյանը փորձեց հասարակության տրամադրությունները շեղել դեպի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ տպավորություն ստեղծելով, թե տեղի ունեցածը հիբրիդային պատերազմ է։ Սաֆարյանի հայտարարությունը, ըստ էության, հանցագործության մասին հաղորդում էր, քանի որ նա իր հրապարակման մեկնաբանություններում ևս Ռոբերտ Քոչարյանին ջանասիրաբար մեղադրում էր կատարվածում։

Ստյոպա Սաֆարյանի հայտարարությունից կարճ ժամանակ անց Քննչական կոմիտեն բացառեց, որ կատարված սպանությունը կարող է կապ ունենալ մարտի մեկի գործի հետ․«Այս պահին ձեռք բերված փաստական հանգամանքներով՝ նախաքննական մարմինը բացառում է, որ Սարգիս Ավագյանի սպանությունը կապ ունի Մարտի 1-ի դեպքի հետ։ Քննչական կոմիտեն իրականցրել է մի շարք քննչական գործողություններ, որոնցով ձեռք բերված բավարար ապացույցներով բացառվում է նաև, որ Ավագյանի սպանության պատճառը նրան Մարտի 1-ի գործով դատարան ներկայանալուց զրկելը լինի»,-ասել էին ՔԿ-ի լրատվական ծառայությունից։

ՔԿ-ի հայտարարությունից անմիջապես հետո Ստյոպա Սաֆարյանը հեռացրեց իր գրառումը՝ տեղեկացնելով, թե դա անում է սպանվածների հարազատների խնդրանքով և ոչ թե այն պատճառով, որ իր կարծիքը փոխվել է։ Իսկ իրականությունն այն է, որ Սաֆարյանի հայտարարությունը սուտ մատնություն կարող էր դիտարկվել, և նա, հեռացնելով իր գրառումը, փորձել է խուսափել պատասխանատվությունից։

Ստյոպա Սաֆարյանին իրականում այս գործելակերպը խորթ չէ։ Ճիշտ է՝ նա վերջերս հանուն նոր իշխանությունների անհաշտ պայքար է մղում ֆեյքնյուզերի դեմ, սակայն ինքը առավել հաճախ է զբաղված կեղծ տեղեկատվություն տարածելով։ Այսօրվա կատարվածը, իհարկե, թարմ օրինակ է, բայց կա առավել հին ու վառ օրինակ, որ նա կեղծ տեղեկություններ տարածելով է զբաղված եղել։ 

Ժամանակին Սաֆարյանը Ազգային Ժողովում հայտարարել էր, որ տեսել է, թե ինչպես է ոստիկանական մեքենան վրաերթի ենթարկում երկու քաղաքացու, իսկ երբ նրան, ըստ օրենքով նախատեսված ընթացակարգի, հրավիրել էին ցուցմունք տալու, նա տեղում հայտարարել էր, որ իրականում ինքը չի տեսել, այլ այդ ամենը լսել է իր ծանոթ մի տղամարդուց։

Իսկ Վիքիլիկսի նյութերի համաձայն՝ Ստյոպա Սաֆարյանը 2008 թվականի մարտի 1-ին վաղ առավոտյան զանգահարել էր Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն և հայտարարել, որ Ազատության հրապարակում ոստիկանները մանկահասակ տղայի են սպանել (Stepan Safarian and Anahit Bakshian, called on PolChief to criticize the police action in driving protesters from the square, They claimed that three people have been killed during the day. First, a small boy was reportedly killed in Freedom Square during the dawn raid. Then two old men were killed when struck by police. They said that this is what sparked the angry mob in front of the French and Italian Embassies): Հետագայում այս տեղեկատվությունը ևս կեղծ դուրս եկավ։


Հիմա՝ այսքանից հետո, հարց  է առաջանում, թե ինչպե՞ս վստահել Ստյոպա Սաֆարյանի՝ մարտի մեկի մասին տրված փորձագիտական գնահատականներին, երբ հենց առաջին օրվանից և 11 տարի շարունակ նա տարբեր կեղծ տեղեկություններ է շրջանառության մեջ դնում, որոնցով հանրային տրամադրություն է ստեղծվում։ Եվ ցավալի է, որ նոր իշխանությունները մեծ սիրով օգտվում են նման կեղծ տեղեկություններից և փորձում են օգնել կեղծ տեղեկատվության շնորհիվ տեղեկատվական ֆոն ստեղծելու գործին։