ԱՄՆ-ի պատասխանը շատ հստակ էր. չէր ողջունում հայկական կողմի արածը. Սուրեն Սարգսյան

Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով փետրվարի 8-ին հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը, ընդհանուր՝ 83 անձ, ժամանել է Սիրիայի Արաբական Հանրապետություն՝ Հալեպ:

Երեկ՝ փետրվարի 13-ին, հայտնի դարձավ ԱՄՆ պետքարտուղարությունը ներկայացրեց իր դիրքորոշումը հարցի վերաբերյալ.«Մեզ հասկանալի է Սիրիայի մարդասիրական իրավիճակին արձագանքելու այլ պետությունների ցանկությունը, և մենք կիսում ենք Մերձավոր Արևելքում կրոնական փոքրամասնությունների պաշտպանության շուրջ մտահոգությունները: Այնուհանդերձ, մենք չենք պաշտպանում Սիրիայի զինված ուժերի հետ ներգրավվածությունը՝ լինի քաղաքացիական անձանց օգնություն ցուցաբերելու նպատակով, թե ռազմական ուղղվածության:

Մենք նաև չենք պաշտպանում Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությունն այս առաքելության նպատակով: Ռուսաստանը գործակցել է Ասադի ռեժիմի հետ՝ կոտորածի ենթարկելով քաղաքացիական անձանց և պատճառ դառնալով մարդասիրական աղետի: Ռուսաստանը շարունակում է գլոբալ հարթակում հանդես գալ Ասադի ռեժիմի և վերջինիս վայրագությունների պաշտպանության դիրքերից»:

Politik.am-ը հարցի շուրջ զրուցել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանի հետ: Վերջինիս խոսքով՝ ԱՄՆ-ի պատասխանը շատ հստակ էր. չէր ողջունում, այն, ինչ արել է հայկական կողմը, և դրա մասին առաջին անգամ չէ, որ բարձրաձայնում է.«Նախկինում էլ դրա մասին խոսվել է. երբ մեր անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղարը անզգուշորեն կամ տեղյակ չլինելով իրավիճակից՝ հայտարարել էր, որ մենք պաշտպանում ենք Ռուսաստանի գործողությունները Սիրիայում, աջակցում ենք այդ գործողություններին, ԱՄՆ պետքարտուղարությունը կոշտ պատասխան տվեց: Այդ ժամանակ, արդեն, մոտավորապես հասկանալի էր, որ եթե մենք խումբ գործուղենք Սիրիա, ԱՄՆ պետքարտուղարության կողմից կլիներ երկրորդ նմանատիպ պատասխանը»:

Քաղաքագետի կարծիքով՝ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ասելով՝ եթե որևիցե պայմաններում հանգամանքներ լինեն, որ անհրաժեշտություն լինի աշխարհի ցանկացած կետում ռազմական գործողություններին ներգրավումը ՀՀ Զինված ուժերին, լինելու է օրենքի տառով, նկատի է ունեցել բացառապես այն դեպքը, երբ ինքնապաշտպանության կամ համայնքի պաշտպանության խնդիր լինի: Այդ դեպքում իրավաչափ կլինի ներքաշվել ռազմական գործողությունների և բախման մեջ:

Մեր այն հարցին, թե հայկական խմբի՝ Սիրիայում գտնվելը ինչ ռիսկեր կարող է ենթադրել թե՛ խմբի, և, ընդհանարապես, Հայաստանի համար, քաղաքագետը պատասխանեց.«Սիրիայում այնքան պետությունների, զինված խմբավորումների, ռազմական-տեռորիստական խմբերի շահեր են խաչվում, և այնքան ներկայություն կա տարբեր խմբավորումների և պետությունների ներկայացուցիչների, որ ոչինչ բացառված չի կարելի համարել: Ամեն դեպքում, մեր ուղարկած խումբը պետք է շատ զգոն և ուշադիր լինի, որովհետև ցանկացած պահի կարող է հայտնվել ցանկացած հարձակման թիրախում: Լավ է, որ ռուսական կողմի հետ կա որոշակի կորդինացված աշխատանք, որն անվտանգության լրացուցիչ երաշխիքներ է տալիս»:

Անդրադառնալաով ներպետական այն քննարկումներին, թե խմբի ուղարկումը՝ առանց խորհրդարանական քննարկաման, օրինաչափ չէր, Սուրեն Սարգսյանը ասաց.«Ընդդիմությունը պետք է պնդի, որ ներկայացված որոշումը իրավաչափ չէր, ներպետական իրավունքի նորմերը հաշվի չեն առնվել, և գործուղումը ապօրինի է, իսկ իշխանությունը  պետք է պնդի, որ որևէ խախտում չի եղել: Սա նորմալ դիսկուրս է, որը քաղաքական դաշտում մշտապես պետք է լինի»:

Այս թեմայով