Սուքիասյանը ճիշտ է, իսկ Հայրապետյանը մոլորեցն...

Օրերս ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հայտարարել էր, որ ինքը օրինական ճանապարհով գնել է «Բջնի» հանքային ջրերի գործարանը, որը մինչև 2009 թվականը պատկանել է գործարար Խաչատուր Սուքիասյանին։ Հայրապետյանը պնդել է, որ ինքը պետությունից է գնել գործարանը։

Հայրապետյանը մոռանում է, սակայն  մի բան ևս ասել, որ ինքը գործարանը գնել է այն դեպքում, երբ իր հարազատ կուսակցության իշխանության շնորհիվ գործարարից խլել էին գործարանը։ 2008 թվականի հոկտեմբերի 23-ին Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները սև հագած ու դիմակավորված անձանց հետ միասին ներխուժել էին «Բջնի» ընկերության Երևանում գտնվող բազա և Չարենցավանում գտնվող գործարան, կապարակնքել էին և առգրավել ընկերության տրանսպորտային միջոցները»:

Հարկային ծառայության աշխատակիցները ստուգումներ էին իրականացրել «Բջնի»-ում,  խախտումներ էին արձանագրվել և տուգանել ՝՝՝՝3,4 մլրդ դրամ տուգանքով: Գործարանի սեփականատերերը հրաժարվել էին մուծել տուգանքը` այն բողոքարկելով Վարչական դատարանում: Դատարանը մերժվել էր «Բջնիի» հայցը:

Այսինքն պետությունը նպատակադրված 2008 թվականի կուրսով ավելի քան 12 մլն դոլարով տուգանում է գործարանին, որպեսզի նրա հետագա գործունեությունը անհնար դառնա ու գործարարից վերցնում են այն, որպեսզի մարվի պետությանը վճարվելիք տուգանքը։ Գործարանը աճուրդի է հանվում 2009 թվականի փետրվարին և այն գնում է աճուրդի միակ մասնակից Ռուբեն Հայրապետյանը՝ 4,4 մլրդ դրամով, այսինքն սահմանված տուգանքից 1 միլիարդով ավելի։

Սա պետության կողմից բիզնես խլելու դասական օրինակ է և կարիք չկա, որ Ռուբեն Հայրապետյանը չքմեղանա ու հայտարարի, թե ինքը չի խլել, այլ գնել է պետությունից։ Բոլորին է հայտնի, որ «Բջնի» հանքային ջրերի գործարանը խլվել է Սուքիասյանների ընտանիքից և պատճառը մեկն էր՝ Խաչատուր Սուքիասյանը աջակցել էր Լևոն Տեր-Պետրոսյանի թիմին։