«Սուլթան Քյալաշ»․ նոր դավադրությու՞ն Հայաստան...

Վերջին օրերին համացանցում տարածվում է մի հրապարակում, որում ասվում է, որ եզդիների Սուլթան ներկայացող Քյալաշ անունով անձը դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որպեսզի Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծվի եզդիական պետություն։ 

Լուրն իրականում համացանցում է հայտնվել 2018 թվականի օգոստոս ամսին։ Հետաքրքիր է, որ ակնհայտ ադրբեջանական քարոզչամեքենայի դեր կատարող vestikavkaza.ru կայքի հոդվածը վերահրապարակել է հեղինակավոր www.kavkaz-uzel.eu  կայքը, որին դժվար է համարել  ադրբեջանական քարոզչամեքենայի մաս։

www.kavkaz-uzel.eu կայքը հիմնադրվել է «Мемориал» կազմակերպության կողմից, որի կենտրոնը գտնվում է ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում։ Մի բան հստակ է՝ ՌԴ նման պետության տարածքում չի կարող գործել կառույց, որը չի վերահսկվում անվտանգության մարմինների կողմից։

Եզդիների սուլթան ներկայացող Քյալաշն ըստ էության ևս ռուսական նախագիծ է, որի մասին մենք խոսել ենք 2017 թվականին։  Մեր նախորդ հոդվածում մասնավորապես ասվում էր․«Մի քանի օր է համացանցում պտտվում է մի տեսանյութ, որտեղ մի քանի ռուս անվանի գիտնականներ կամ գոնե ՌԴ-ում այդպիսին համարվողներ զրուցում են մի ինքնակոչի հետ, որը ազգությամբ եզդի է: Ռուս քաղաքագետ գիտնակաների զրուցակիցը ներկայանում է, որպես եզդիների սուլթան և հայտարարում, որ իրեն ընտրել է եզդիների խորհրդարանը: Իսկ ռուս գիտնականները  շատ խորիմաստ տեսք ընդունած փորձում են եզդիների, Մերձավոր Արևելքի մասին գնահատականներ հնչեցնել հենվելով խաբեբա սուլթանի խոսքերի վրա:

Իհարկե այս ամենը ծիծաղելի կլիներ, եթե այդքան ողբալի չլիներ: Հասկանում եք եզդի ինքնակոչի հետ լուրջ հարցեր են քննարկում ՌԴ ԱԳՆ ենթակայության տակ գործող Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի պրոֆեսորներ՝ Վիկտոր Նադեին-Ռայեվսկին և Վլադիմիր Զախարովը: Այստեղ պետք է նկատել, որ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտը համարվում է ՌԴ լավագույն ԲՈՒՀ-ը և ԱԳՆ կադրերի հիմնական դարբնոցն է: Հիմա պատկերացրեք նման որակի պրոֆեսորներ ունեցող հաստատությունը ինպիսի դիվանագետներ է պատրաստում: Պատկերացնել պետք չէ, ցավակցել է պետք, այդ թվում և Հայաստանին, քանի որ ներկա իշխանությունների օրոք  մեր ԱԳՆ-ն դարձել է ՌԴ ԱԳՆ-ի կցորդ կազմակերպություն:

Հ.Գ. Ինքնակոչ սուլթանը ծննունդով Հայաստանից է՝ եզդիաբնակ Ռիա Թազա գյուղից:  Միայն երեք տարի է դպրոց գնացել ու բանակից հետո արտագաղթել է Գերմանիա:  Հետաքրքիր է ՌԴ նման մեծ պետության համապատասխան կառույցները դեռ չեն հասկացել, որ Հայաստանցի 3-րդ դասարան ավարտած չոբանը իրենց մատերի վրա է խաղացնում: Իսկ եթե սա ռուսների ծրագիրն է, ապա իրավիճակը առավել ցավալի է, քանի որ իրենց արտաքին քաղաքականության ինչ ինչ ծրագրեր սպասարկելու համար միայն մի կիսագրագետ չոբան են կարողացել գտնել»:

Այն ժամանակ իհարկե  տեսանելի չէր, թե իրականում ինչու՞ է ռուսական կողմը գովազդում ինքնակոչ սուլթանին, բայց հիմա կարծես պատկերն ավելի հստակ է։ Ռուսական կողմը կամ գոնե պետական որոշակի կառույցներ փորձում են պառակտում մտցնել Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող եզդիների շրջանում։ Այս պահին իհարկե դժվար է պատկերացնել, որ ծրագիրը հաջողությամբ կպսակվի, բայց անվտանգության մարմինները պետք է զգոնություն ցուցաբերեն։ 

Հ․Գ․ Ի դեպ Սուլթան Քյալաշի մասին առաջին հրապարակումը եղել է ռուսական պետական Regnum գործակալության պաշտոնական կայքում։