Home » Real Politik » Ստերլիգովին Արցախ են ուղարկել ՌԴ իշխանությունները

Ստերլիգովին Արցախ են ուղարկել ՌԴ իշխանությունները

sterligov2Politik.am: Մեկնաբանություն: Ռուսաստանցի հայտնի միլիարդատեր Գերման Ստերլիգովը կնոջ ու 5 երեխաների հետ միասին երեք շաբաթ առաջ տեղափոխվել է Լեռնային Ղարաբաղ: Միաժամանակ, նա վաճառքի է հանել Մոսկվայի արվարձանային Սլոբոդկա ավանում ունեցած իր գույքը: Ստերլիգովը գյուղատնտեսական ապրանքներ արտադրող խոշոր հոլդինգի սեփականատեր է, որը Ռուսաստանում ունի 84 դուստր ձեռնարկություն: Անհասկանալի է, թե նման կարողության տեր անձնավորությունը ինչո՞ւ պետք է լքի Ռուսաստանի Դաշնությունը: Ի՞նչ խնդիրներ պետք է նրա համար ստեղծված լինեն, որ այլևս իր ապագան չկապի Ռուսաստանի հետ: Ստերլիգովը իր հայտարարություններում անորոշ մեղադրանքներ է հնչեցնում: Ռուս գործարարի կինը «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի հետ զրույցում հայտարարել էր, որ իր ամուսինը ՌԴ-ում ունի խնդիրներ՝ կապված իրենց անվտանգության հետ: Այս ամենից հետո շատերը սկսեցին խոսել այն մասին, որ գործարարը խնդիրներ ունի ՌԴ իշխանությունների հետ: Նմանատիպ խոսակցություններ տարածողներն իրականում չեն պատկերացնում, թե ինչ է նշանակում խնդիրներ ունենալ Պուտինի իշխանության հետ: Վկաները Նեմցովը, Բերեզովսկին, Խոդորկովսկին և շատ այլ գործարար և քաղաքական գործիչներն են, որոնք, մեղմ ասած, լավ չեն ավարտել իրենց գործունեությունը, շատերը անգամ զրկվել են կյանքից: Հիմա այս ամենից հետո խոսել, որ Ստերլիգովը կարող է խույս տալ ՌԴ իշխանություններից առնվազն անիմաստ է: Անիմաստ է կարծել նաև, որ Արցախում նա անհասանելի կլինի ՌԴ իշխանույթունների համար: Շատերն են հիշում, թե ՌԴ հատուկ ծառայությունները ինչպես Արցախից տարան հայտնի չեչեն երգչուհի Մակա Սագաիպովային, միայն նրա համար, որ նա համարձակվել է ամուսնանալ հայի հետ: Անգամ երգչուհու հայտնի հայ ամուսինը նրան չկարողացավ պահել Արցախում: Բացառվում է նաև այն հանգամանքը, որ գործարարը խնդիրներ ունենա այլ գործարարների հետ, քանի որ Ստերլիգովն ինքը փոքր գործարար չէ և շատ սերտ հարաբերություններ ունի ՌԴ գործող իշխանությունների հետ: Ավելին՝ նա իր գործունեության ամբողջ ընթացքում լծված է եղել և շարունակում է լծված մնալ Վլադիմիր Պուտինի քաղաքականության քարոզին: Ստերլիգովը բազմաթիվ անգամներ հայտարարել է՝ Պուտինը Ռուսաստանի միակ ղեկավարն է նորագույն պատմության մեջ, որը ներկայացնում է ռուս ժողովրդին և նրա շահերը: Ստերլիգովի Արցախում հայտնվելը կարող է լինել ՌԴ իշխանությունների արտաքին քաղաքականության շատ կարևոր քայլ: Ի վերջո վերջին շրջանում ՌԴ-ն Արցախի հարցում իր քաղաքականությունն ակտիվացրել է և իր քաղաքականության իրականացման համար վատ չէր լինի, եթե Արցախում ՌԴ շահերը ներկայացնող խոշոր գործարար և քաղաքական գործիչ լինի: Ստերլիգովի Արցախում հայտնվելը կարծում եմ՝ չպետք է պատահական համարել և Արցախի իշխանությունները պետք է բավական մեծ զգուշավորություն ցուցաբերեն: Հակառակ դեպքում, երբ նա սկսի կյանքի կոչել այն ծրագիրը, որի համար եկել է Արցախ, հայկական կողմը խնդիրներ կարող է ունենալ, հատկապես եթե Ստերլիգովին աջակցեն ՌԴ իշխանությունները:

Անի Ասլանյան

Դիտվել է 181 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy