Սրանից ավելի ուժեղ ճնշում հնարավոր չէ մտածել....

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի՝ ՍԴ վերաբերյալ հայտարարությունը ճնշում է դատարանի վրա: Այս մասին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած գրավի միջնորդության քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց  Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանը:

«Նախ հայտարարվում է, որ ՍԴ որոշումն ապօրինի է. երեկ այդպիսի հայտարարություն եղավ: Թե՛ Արարատ Միրզոյանը, թե՛ Նիկոլ Փաշինյանը, բաց տեքստով ասում էին, որ ՍԴ որոշումը լեգիտիմ չէ, օրինական չէ, դատավորները օրինական կազմով չեն այդ որոշումը կայացրել: Ըստ էության՝ դա էր իրենց ասածը: Սա նշանակում է հետևյալը՝ այսօր գործը քննող դատավորը խորհրդակցական սենյակում է գտնվում և պիտի որոշի՝ ՍԴ որոշումը հիմք ընդունելով՝ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակի՞, թե՞ ոչ: Եթե երկրի երկու բարձրաստիճան պաշտոնյաներ հրապարակային հայտարարում են՝ ՍԴ որոշումն օրինական չէ, սա ճնշում է դատավորի նկատմամբ, որից ավելի ուժեղ հոգեբանական ու բարոյական ճնշում հնարավոր չէ մտածել»,-նշեց նա: