«Սպայկա» ընկերության «արտադրած» պանրի առեղծվա...

Օրերս հայտնի դարձավ, որ «Սպայկա» ընկերության նորակառույց պանրի գործարանում արտադրված հայկական ընդհանուր առմամբ 21 տոննա կապույտ բորբոսով պանիրը 24 օր ՌԴ Վերին Լարսի մաքսային անցակետում հարկադիր կանգնեցվելուց հետո վերադարձվել է Հայաստան։ Վերին Լարսի մաքսային անցակետը արգելեց հայկական պանրի մուտքը ՌԴ: Այս մասին տեղեկացրեց «Սպայկա» ընկերությունը:

Այս տեղեկատվության տարածումից հետո քննարկումներ եղան այն մասին, որ սա ՌԴ կողմից պատժամիջոցների կիրառում է Հայաստանի  նկատմամբ։  Այս ենթադրություններին նպաստում էր նաև ընկերության հայտարարությունները, որտեղ շեշտվում է, որ «արգելվել է ՌԴ ներկրել հայկական պանիր»։ 

Իրականում, ինչպես փոխանցում են մեր աղբյուրները, Լարսի անցակետում խնդիրը  քաղաքական ենթատեքստ չունի։ Ռուս սահմանապահները հիմնավոր կասկածներ ունեն, որ «Սպայկա» ընկերության բեռնատարով տեղափոխվող պանիրը իրականում Հայաստանում չի արտադրվել։ Այսինքն փորձ է արվել ոչ հայկական պանիրը հայկականի անվան տակ ներկրել ՌԴ։ 

Ընդհանրապես «Սպայկա» ընկերության «Սամբիել» պանրի գործարանի  մասին տեղեկությունները այդքան էլ միանշանակ չեն։ Ամիսներ առաջ մենք գրել էինք, որ գործարանի բացման ժամանակ, որին ներկա է եղել նաև վարչապետ Փաշինյանը, որպես գործարանի արտադրանք է ներկայացվել պանիր, որը իրականում տեղում չի արտադրվել և գնվել է այլ ընկերությունից։ Մեր հրապարակումը ընկերության կողմից արձագանքի չարժանացավ և չհերքվեց։

«Սպայկա» ընկերության սեփականատերը գործարանի բացմանը խոստանում էր, որ կաթի մթերման բում տեղի կունենա, սակայն գործարանի գործարկումից հետո կաթի շուկայում էական փոփոխություններ չեղան, ինչը նշանակում է, որ գործարանը առնվազն իր խոստացած ծավալների չափով կաթ չի մթերել, եթե ընդհանրապես մթերում եղել է իհարկե։

Ամիսներ առաջ, երբ գործարանի չգործելու մասին տեղեկություններ ստացանք կապ հաստատեցինք «Սպայկա» ընկերության գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Բաղդասարյանի հետ և առաջարկեցինք հնարավորություն ընձեռել մեր լրատվամիջոցին լուսաբանել պանրի արտադրության ընթացքը։ Կարեն Բաղդասարյանը խոստացավ կապ հաստատել մեզ հետ, այնուհետև չպատասխանեց մեր զանգերին։  Այս միջադեպը առնվազն գալիս է լրացնելու այն կասկածները, որ ընկերության գործարանը իրականում արտադրությամբ չի զբաղվում և այլ երկրներում արտադրված պանիրը տեղում վերափաթեթավորում է և այն փորձում է արտահանել, որպես հայկական պանիր։ 

Նախկին իշխանությունների օրոք նման տասնյակ ընկերություններ էին գործում, որոնք հիմնականում Թուրքիայից տարբեր տեսակի արտադրանք էին ներկրում Հայաստան և այն վերափաթեթավորելով արտահանում էին ԵԱՏՄ  անդամ երկրներ, որպես հայկական արտադրանք։