«Սպայկա»-ն խոստանում է առաջիկայում վճարել գյո...

Օրերս Politik.am-ը գրել էր Արարատի մարզում ծիրանի մթերումը մեկուկես ամիս է, ինչ ավարտվել է, բայց ծիրան մթերող ամենախոշոր ընկերությունը` «Սպայկա» ՍՊԸ-ն, դեռևս հարյուրավոր գյուղացիների պարտք է մնացել։

Գյուղացիների համար մի բան հստակ է՝ նախորդ տարիներին նման խնդիր չի եղել․«Նախորդ տարիներին նման ուշացումներ չեն եղել։ Եղել է մի երկու դեպք, բայց այդտեղ միջնորդների մեղավորությունն  է եղել. նրանք ստացել են ընկերությունից գումարները, բայց տեղ չեն հասցրել, իսկ հիմա տասնյակ գյուղերի ծիրան արտադրողներ մնացել են դատարկաձեռն։ Մարդիկ վախենում են իրենց խնդրի մասին խոսել, քանի որ կարծում են՝ իշխանությունները նորից կձերբակալեն ընկերության տնօրենին, և իրենք ընդհանրապես չեն ստանա իրենց գումարները։ Ամեն գյուղացու նվազագույնը մեկ միլիոն դրամ պարտք են։ Խոսքը մի քանի միլիարդ դրամի մասին է»,-Politik.am-ի հետ զրույցում ասաց Արարատի մարզի բնակիչ Բաբկենը, ով չցանակցավ կոնկրետացնել իր բնակավայրը, քանի որ վստահ է, որ խնդիրներ կստեղծեն նաև իր համար։

Մարզում լուրեր էին շրջանառվում, որ ՊԵԿ-ը կալանք է դրել ընկերության հաշիվների վրա, և հենց այդ պատճառով է, որ չի կարողանում վճարել գյուղացիների գումարները։ ՊԵԿ մամուլի կենտրոնից Politik.am-ին ասացին, որ ընկերության հաշիվները կալանքի տակ չեն, և տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։

Խնդրի պարզաբանման համար կապ հաստատեցինք «Սպայկա» ՍՊԸ գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Բաղդասարյանի հետ։ Վերջինս չհերքեց մեր տեղեկությունը, բայց նաև վստահեցրեց, որ առաջիկայում բոլոր վճարումներն արվելու են․«Այո, մեզ մոտ մի քանի ուշացումներ եղել են: Խնդիրն այն է, որ ապրանքի որակը շատ վատն էր այս տարի, ու բավականին լուրջ խնդիրներ են եղել ապրանքը հանձնելու և վճարումները ստանալու հետ կապված: Վատ որակի պատճառով մեծ կորուստներ են եղել, բայց քանի որ մենք ֆերմերների մոտ մեր պարտավորությունները ստանձնել ենք, բնականաբար իրենց գումարները ամբողջությամբ վճարելու ենք՝ անկախ նրանից, թե ումից ինչ որակի ապրանք ենք ստացել, ուղղակի խնդրել ենք՝ մի քիչ ներողամիտ լինեն ու սպասեն, որ այս շաբաթվա մեջ կամ մինչև հաջորդ շաբաթվա կես այս խնդրին լուծում տրվի»:

Մեր ճշտող հարցին՝ արդյո՞ք պետության կողմից ամիսներ առաջ սկսված կոշտ պրոցեսը ընկերության դեմ չի ազդել ընկերության հնարավորությունների վրա, Կարեն Բաղդասարյանը դպատասխանեց․«Իհարկե այս մասով հիմնական խնդիրը բերքի որակն էր, բայց ընկերության դեմ կիրառված տույժ-տուգանքները և դրանց մասին հայտարարությունները ևս ազդել են»։