«Սպայկա»-ի պանրի գործարանն իր առաջարկած ստանդ...

Մարտի 26-ին կայացավ «Սպայկա» ընկերության «Սամբիել» պանրի գործարանի բացումը: Գործարանը խոստացավ՝ տարեկան մթերելու է ավելի քան 20 մլն լիտր որակյալ կաթ: 

Politik.am-ը հետաքրքրվել է, թե ինչպես են ընթանում գործարանի աշխատանքները, և արդյո՞ք «Սպայկա» ընկերության շուրջ առաջացած աղմուկը չի ազդել գործարանի աշխատանքի վրա: Մենք զրուցել ենք «Սպայկա» ընկերության գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Բաղդասարյանը:

Վերջինս նշեց՝ պանրի գործարանը շատ բարձր որակի կաթ է պահանջում.«Մենք Հայաստանի տարբեր վայրերից կաթի մթերման աննախադեպ ծրագիր ենք սկսել: Շատ բարձր գնով կաթ ենք մթերում: Այս տարի կաթ արտադրող ֆերմերները որևէ կերպ խնդիր չեն բարձրացնում, թե կաթը չի մթերվում, կամ թանկ է, կամ էժան է»: 

Բաղդասարյանի խոսքով՝ գործարանի մթերած կաթի համար որոշակի ստանդարտներ են սահմանվում.«Դա անում ենք, որպեսզի ֆերմերները ձգտեն այդ ստանդարտի կաթ արտադրել, ու դրա համար նաև բարձր վարձատրվել: Հետաքրքիր տեղաշարժ է այսօր կաթի արտադրման շուկայում: Մարդիկ հասկանում են, որ կարող են ունենալ որակյալ կաթի սպառում՝ բարձր գնով: Բնականաբար՝ դա փոխում է արդեն մարդկանց մտածելակերպը, դրդում է համապատասխան սարքավորումներ ձեռք բերել և կարողանալ որակյալ արտադրանք տալ»:

Կարեն Բաղդասարյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ փուլում է ծրագիրը, որի համաձայն՝ պետք է ֆերմերներին տրամադրեին սարքավորումներ.«Մենք շատ մեծ ծրագիր ունեինք՝ ցանկանում էինք հենց ինքներս տրամադրել սարքավորումները, դրանց մի մասի համար նույնիսկ կանխավճար էինք արել մատակարար ընկերություններին, բայց այս ամենից հետո մեր ֆինանսական ռեսուրսները թույլ չտվեցին, որ կարողանանք այդ ծրագիրն իրականացնել:  Մենք հիմա ուղղակի կարող ենք երկարաժամկետ պայմանագրեր առաջարկել, որոնց հիման վրա ֆերմերները կարողանում են ինքնուրույն ձեռք բերել այդ սարքավորումները: Եվ, զուգահեռ, եթե լինում են ծրագրեր, որոնց նրանք կարող են մասնկացել, օժանդակում ենք»:

Սպայկա» ընկերության գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը նշեց՝ գործարանն օրական կարող է մթերել 60 տոննա (60 000 լիտր) կաթ: «Բայց, ցավոք սրտի, մեր ասած ստանդարտների որակյալ կաթ այս պահին այդ քանակի գտնել չենք կարողանում: Մենք ավելի քան 600 ֆերմերային տնտեսություն ենք այցելել 2-3 ամսվա ընթացքում և աշխատում ենք մինչև 20 ֆերմերային տնտեսության հետ: Պատկերացնու՞մ եք տարբերությունը՝ 600-ից ընդամենը 20: Բայց, մատակարարների քանակը գնալով ավելանում է: Արդյունքում որոշեցինք սառնարան մենքենաներ ձեռք բերել, որոնք կշրջեն տներով ու կհավաքեն կաթը: Միգուցե փորձենք այդպես աջակցել»,-ասաց Կարեն Բաղդասարյանը: