Սպառելու ենք բոլոր դատական ատյանները, նույնիս...

«Նիկոլ Փաշինյանի՝ դատարանները շրջափակելու վերաբերյալ կոչի հարցով դիմել էինք ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին, որպեսզի վերջինս բարձրացներ Փաշինյանին վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը։ Ստացել ենք մերժող նամակ, դրա հիման վրա դիմել ենք դատախազություն՝ պահաջելով պաշտոնական լիազորությունները չարաշահելու հոդվածով քրեական գործ հարուցել, պատասխանել են, թե հանցագործության փաստը բացակայում է: Դրանից անմիջապես հետո դիմել ենք ՀՀ հատուկ քննչական ծառայություն, որպեսզի թե՛ գլխավոր դատախազի, թե՛ ոստիկանապետի նկտամամբ քրեական գործ հարուցվի: Այսօր էլ հայտարաությամբ տեղեկացրել ենք, որ եթե ՀՔԾ-ը էլ նույն գործը պատշաճ կերպով չիրականացնի դիմելու ենք ԱԱԾ, և եթե նույն հանցավոր անգործությունը շարունակվի, կդիմենք դատարան»,- Politik.am-ի հետ զրույցում, անդրադառնալով իրենց տարածած հայատարությանը՝ ասաց «Ադեկվադ» կուսակցության ղեկավար Արթուր Դանիելյանը:

Վերջինիս կարծիքով՝  տրամաբանությունը հուշում է, որ ԱԱԾ-ը և ՀՔԾ-ը կտան նույն պատասխանը, ինչ ստացել են ոստիկանությունից և դատախազությունից:

«Խնդիրը նրանում է, որ իշխանությունը հիմա ցայտնոտային իրավիճակում է: Նրանք հասկանում են, որ այլևս երկար չեն կարող պահպանել այս վիճակը: Մեր տեղեկություններով՝ այդ իշխանության ներսում առանձին խմբակներ արդեն փորձում են բանակցությունների մեջ մտնել ապագա իշխանափոխությունից հետո անվտանգության ինչ-որ երաշխիքներ ստանալու համար, սակայն մենք գտնում ենք՝ որևէ իշխանափոխություն դրական արդյունքի չի կարող բերել, և Հայաստանում պետք է իրական հեղափոխություն տեղի ունենա: Բոլոր այն խմբակները, որոնք տարբեր բանակցությունների մեջ են, պետք է գիտակվեն՝ մենք թույլ չենք տալու իրենց խուսափել պատասխանատվությունից»,- ասում է կուսակցության ղեկավարը:

Հարցին, թե ի՞նչ ակնկալիք կարող են ունենալ դատարանից, Դանիելյանը պատասխանեց՝ չի կարծում, որ առնվազն մոտ ապագայում դրանցից դրական արդյունք կունենան, բայց քանի որ դատավորի գործի բնույթը իր էությամբ տարբերվում է գործադիր մարմնի աշխատակցի բնույթից, շատ ավելի մեծ է հավանականությունը, որ  դատարանը արդար որոշում կկայացնի և կպարտադրի քրեական գործ հարուցել:

«Դրա նախադեպը կա: Մարալիկի գործով, երբ հարձակվել էին մեզ վրա և մեր գույքը ոչնչացրել, ոստիկանությունն ու դատախազությունը շարունակաբար հրաժարվում էին գործ հարուցել, իսկ դատական 2 ատյանները պահաջել են քրեական գործ հարուցել»,- ասաց նա: 

Դանիելյանը նշում է՝  անհրաժեշտության դեպքում Հայաստանում սպառելու են բոլոր դատական ատյանները, նույնիսկ հնարավոր է՝ դիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան, թեպետ կարծում է, որ այդ կառույցը խիստ քաղաքականացված է և, ըստ էության, ծառայում է Եվրամիության արտաքին քաղաքական օրակարգին: