Սիրիայի խորհրդարանը փետրվարի 13-ին միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց լրագրող Սարգիս Կասարջյանը Սիրիայից:
Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր Նորա Արիսյանը նշել է, որ ավելի քան 30 երկրի խորհրդարաններ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, իսկ Սիրիայի խորհրդարանը հատուկ նիստով հարգանքի տուրք է մատուցել 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրի զոհերի հիշատակին:
Սիրիայի խորհրդարանի քարտուղար Ռամի Սալեհը նշել էր, որ թեև Սիրիայի խորհրդարանում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, սակայն անհրաժեշտ էր ունենալ նման բանաձև:
ՀՀ-ում Սիրիայի դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմը կարևորել է Սիրիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը՝ նշելով, որ այն իրագործողների ժառանգներն այսօր էլ նույն ոճիրն իրագործում են Սիրիայի ժողովրդի նկատմամբ՝ ահաբեկիչների ձեռամբ: «Ճանաչումը կարևոր է, քանի որ արաբական երկրներից միայն Լիբանանն է մինչև այժմ ընդունել Հայոց ցեղասպանությունը»,-ասել է նա:
Խորհրդարանի արաբական եւ արտաքին հարցերի հանձնախմբի նախագահ Պութրոս Մրճենեն շեշտել է,որ Հայոց ցեղասպանությունը պատմական իրողություն է, որին հաջորդել է նաեւ Սիրիայի հյուսիսային սահմաններին ասորիների և սիրիանիների սպանդը։ «Ժամանակն է ճանաչելու եւ դատապարտելու այս անմարդկային արարքներն ու կանխելու դրանց կրկնությունը, հատկապես որ մեծաթիվ երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։