Սիրիական զորքերը դուրս են եկել Քոբանիից հյուս...

Սիրիական բանակի  զինծառայողները դուրս են եկել  Եփրատ գետի արևելյան ափին գտնվող Քոբանի (Այն Էլ Արաբ) քաղաքից հյուսիս ընկած Սուկ Էլ Հալի շրջանով անցնող Թուրքիայի հետ սահման, հայտնել է Al Watan թերթը:

Հաղորդվում է, որ զինվորներն ազգային դրոշ են բարձրացրել այդ սահմանային պահակակետի վրա:

Սիրիական զորքերի ստորաբաժանոումներն առաջիկա ժամերին կտեղաբաշխվեն Թուրքիայի և Իրաքի հետ սահմանի այլ հատվածներում, մասնավորապես, նրանց հսկողության տակ կանցնի Յարուբիի հսկիչ անցակետը և Էլ Մալիքիա ու Այն Դայվար բնակավայրերը: Կառավարական ուժերն այդ սահմանամերձ շրջանները կզբաղեցնեն 2012 թվականից ի վեր առաջին անգամ:

Նշվում է, որ սիրիական բանակի ստորաբաժանումներն իրենց ներկայությունն ընդլայնել են Հասեքիի նահանգի հյուսիս-արեւմուտքի Թել-Թամերի շրջանում՝ զբաղեցնելով այդ քաղաքից 15 կիլոմետր շառավղով գտնվող բոլոր բնակավայրերը:

Սիրիացի զինծառայողները մոտեցել են Հասեքե վարչական կենտրոնից 40 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Էլ Մանաջիր և Էլ Ահրաս բնակավայրերին: Հալեպի  արևելքում զորքերը մտել են Սուլթանիա բնակավայր, որը գտնվում է Մանբիջից հարավ ընկած շրջանում: Շաբաթվա սկզբից սիրիական բանակը հսկողությունը վերականգնել է այդ քաղաքի մերձակա հազար քառակուսի կիլոմետր տարածքի նկատմամբ: