Սիրիական թնջուկը կարող է արյունաքամ անել Էրդո...

Թուրքիան սկսել է իր «Խաղաղության ակունք» ռազմական օպերացիան Սիրիայի հյուսիսում՝ ընդդեմ սիրիաբնակ քրդերի զինված խմբավորումների, որոնք Անկարան ճանաչում է ահաբեկչական խմբավորում:  Հատկանշական է, որ այս խմբերը վայելում են Թուրքիայի դաշնակից ԱՄՆ հովանավորությունը։

Արդեն իսկ հայտնի է դարձել, CNN-ի հաղորդմամբ, որ զինված օպերացիայի առաջին օրվա ընթացքում 8 զոհ է եղել, որից 3-ը զինյալ, 5-ը՝ քաղաքացիական անձինք։ Շատ են վիրավորները։ Միջազգային հեղինակավոր Reuters-ն էլ նշում է, որ քրդերը չունեն ծանր սպառազինություններ, սակայն տրամադրված են վճռականորեն։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հասցրել է հայտարարել, որ իրենք էթնիկ քրդերի հետ խնդիր չունեն եւ խնդիրը զինյալներն են, իսկ թուրքական ռազմական գերատեսչությունն էլ տարածել է հաղորդագրություն առ այն, որ արդեն խոցվել է 181 թիրախ։

Այս ամենը առաջ է բերել համացանցի թուրք օգտատերերի հրճվանքը։ Մոսկվան կարծես թե չի միջամտելու այս ամենին, ԱՄՆ-ն էլ շտապում է դուրս բերել իր զորքերը օպերացիայի գոտուց։

Դոնալդ Թրամփը թվիթերյան իր էջում հասցրել է հերթական աղմկահարույց գրառումը կատարել, ասելով, որ պատմության ամենավատ որոշումներից էր Մերձավոր Արեւելքում ռազմական ներկայություն ունենալը եւ ասել, որ իրենք չեն օգնում քրդերին, քանի որ քրդերն իրենց չեն օգնել Երկրորդ աշխարհամարտի ժամանակ։ ՄԱԿ-ում մտահոգված են տեղի ունեցողով, Գերմանիան էլ, ինչպես եվրոպական երկրների մեծ մասը դատապարտել է Անկարայի գործողությունները։ Նաեւ հնչում են առաջարկներ սանկցիաներ կիրառել Անկարայի հանդեպ։

Այս ամենը մի քիչ նախապես պայմանավորված ու համաձայնեցված գործարք է հիշեցնում։ Մոսկվային ձեռնտու է այս օպերացիան, քանի որ այս օպերացիայով ազատվում է Սիրիայում ամերիկյան ներկայությունից։ ԱՄՆ-ի համար սա ձեռնտու է, քանի որ Թրամփը կատարում է իր հերթական խոստումն ու ավարտում իր իսկ բնորոշմամբ անիմաստ պատերազմները Մերձավոր Արեւելքում, հետ վերադարձնելով ամերիկացի զինվորականներին դեպի տուն։ Թուրքիայի համար սա ձեռնտու օպերացիա է, քանի որ նվազեցնելու է քրդական զինված խմբավորումների ազդեցությունն իր սահմանների մոտ, բացի այդ ռազմական օպերացիայով շեղել հասարակության ուշադրությունը ներքին խնդիրներից։  Սակայն այս ամենը այնքան էլ միագիծ չէ իրականում, որքան էլ այն կարող է այդպիսին թվալ։

Բանն այն է, որ այս օպերացիան կարող է վերաճել թուրք-քրդական լուրջ եւ տեւական, արյունոտ պատերազմի հենց Թուրքիայի ներսում, քանի որ քրդական գործոնը Թուրքիայի ներսում բավական ազդեցիկ է, իսկ տեւական պատերազմը կարող է վերջնականապես արյունաքամ անել եւ Էրդողանին եւ նրա քաղաքական թիմին։

Եթե անկեղծ լինենք, ապա դա կլինի եւ Մոսկվայի եւ Վաշինգտոնի սրտով, քանի որ որքան էլ Անկարան այս պահին դաշնակից է Մոսկվային, այնուհանդերձ, գալու է մի պահ, երբ իրեն բավականաչափ ինքնավստահ զգալով, Էրդողանը կարող է երես դարձնել նաեւ Կրեմլից, իսկ ահա Վաշինգտոնի դեպքում, ԱՄՆ-ն կպատժի արյունաքամ անելով Էրդողանին ու նրա թիմին, հակաամերիկյան կեցվածքի համար։

Չի բացառվում, որ եթե ամեն բան շատ խորանա, ապա նոր վերաձեւումներ լինեն ռեգիոնում, հենց բուն թուրքական պետության ներսում։ Էրդողանը սա հասկանում է եւ թերեւս սրանով պայմանավորված իրեն ապահովագրում է հայտարարելով, որ իր խնդիրը զինյալներն են, ոչ թե էթնիկ քրդերը։