Շտապ. Ջրառատի գյուղապետի մտերիմներից մեկը ՕՐՕ դաշինքի կողմնակցի վրա ատրճանակ է ուղղել

Սադրանք «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի դեմ Ջրառատ գյուղում

12 մարտի 2017թ. Արմավիրի մարզ

Այսօր կեսօրին Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անցկացրած հաջող քարոզարշավից եւ գյուղացիների ջերմ ընդունելությունից, թերևս, սրտնեղած՝ նույն գյուղի գյուղապետ, ՀՀԿ ներկայացուցիչ Սամվել Գալստյանի կողմից սպառնալիքներ են հնչեցվել գյուղի բնակչի՝ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակրի հանդեպ (սույն գյուղապետը ոչ անհայտ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի բարեկամն է, իսկ գյուղն էլ՝ նույն Երանոսյանի ծննդավայրը)։ Ընդ որում՝ գյուղապետի շրջապատը ներկայացնող անձանցից մեկը դաշինքի կողմնակցի վրա ատրճանակ է ուղղել։ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի կողմնակիցները խլել են ատրճանակը նրա ձեռքից եւ վնասազերծել օրինախախտին:

Ուշագրավն այն է, որ ատրճանակով սպառնացող սուբյեկտին կարգի հրավիրելու փոխարեն իրավապահ մարմինների ներկայացուցիչները ոստիկանության Էջմիածնի բաժին են բերման ենթարկել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրներին:

Այս պահին իրավիճակին ծանոթանալու նպատակով Ջրառատում են գտնվում գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը և Արմեն Մարտիրոսյանը: Էջմիածնի քաղմաս են եկել դաշինքի անդամ պատգամավորներ։

Ոստիկանության ղեկավարության ներկայացուցիչները խոստացել են գեներալ-գնդապետ Օհանյանին, որ անաչառ քննություն կիրականացնեն եւ օրինախախտման բացակայության պարագայում ազատ կարձակեն «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի կողմնակիցներին:

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի նախընտրական շտաբը այս դեպքի առնչությամբ հանդես կգա հատուկ հայտարարությամբ:

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի
մամլո խոսնակ Արեգնազ Մանուկյան

 


Այս թեմայով