«Շշի Մելոյի» դեմ մահափորձի գործով մեղադրյալի...

ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Մելիք Մանուկյանի՝ «Շշի Մելոյի» նկատմամաբ օգոստոսի 2-ին իրականացված մահափորձի գործով մեղադրյալ Արթուր Մխիթարյանի նկատմամբ ոստիկանական բաժնում իրականացված ենթադրյալ բռնությունների վերաբերյալ պաշտպանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդումն ուղարկվել է ՀՔԾ՝ նյութեր նախապատրաստելու։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Դատախազության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արևիկ Խաչատրյանից։

Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին Արթուր Մխիթարյանի պաշտպանը՝ Գայանե Գրիգորյանը, հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել Գլխավոր դատախազություն։ Վերջինս հայտարարել էր, որ ոստիկանության բաժնում իր պաշտպանյալին ֆիզկական ճնշումների են ենթարկել, որից հետո Արթուր Մխիթարդյանն արդեն քրեակատարողական հիմնարկում ինքնավնասում էր կատարել։

Ավելի վաղ «Փաստինֆո»-ի հետ զրույցում Գայանե Գրիգորյանը դեպքի հետ կապված մանրամանսեր չհայտնեց՝ պայմանավորելով դա նախաքննության գաղտնիության հետ. «Պաշտպանյալիս բառերից հասկացա, որ նրա նկատմամբ բռնություն են գործադրում։ Խնդրել եմ, որպեսզի ստուգեն այդ հանգամանքները, և իրականությանը համապատասխանելու դեպքում մեղավորներին ենթարկել պատասխանատվության»,-ասաց Գայանե Գրիգորյանը՝ ավելացնելով, որ դեռ չեն ստացել դատաբժշկական փորձաքննության արդյունքները։